– Այո, այն էի ուզում ասել, որ ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց մեր մեջ այժմ դուրս են եկել մի տեսակ խենթ ու խելառ նորելուկներ, որոնք, ամենահիմար ցնորքներով ոգևորված, ազատության հրապույրներով հուզմունքներ են հարուցանում ժողովրդի մեջ և միամիտներին մոլորեցնում են: Եվ այդ` երիտասարդություն կոչված, ցնորամիտ փոքրամասնությունն է, որ դժգոհ է տիրող կառավարությունից: Ցավալին այն է, որ նրանց դժգոհությունը արտահայտվում է այնպիսի ապօրինի և հանցավոր եղանակներով, որ, ոչինչ լավ արդյունք չունենալուց հետո, մեծամեծ վնասների և կորուստների պատճառ է դառնում:
– Ո՛րպիսի վնասներ, – հարցրեց Ասլանը:
– Այդքանն էլ մեծ վնաս և մեծ կորուստ պետք է համարել, պարոն բժշկապետ, որ մենք կորցնում ենք մեր բարեխնամ կառավարության աչքում մեր հավատարմությունը, որ ստացել ենք կարևոր, անձնանվեր ծառայությամբ: Մեր ժողովուրդը մի քանի խելագարների պատճառով կասկածավոր է դառնում կառավարության աչքում:
– Մի՞թե կա հայերի մեջ այդ տեսակ երիտասարդություն, – հարցրեց Ասլանը զարմացած կերպով:
– Դժբախտաբար կա, բայց դեռ նոր է ծնվում, դեռ նոր է կազմակերպվում: Բայց թե՛ ես, որ իմ սուրբ պարտավորությունն եմ համարում, և թե՛ փաշան, որ նույնքան նախանձախնդիր է այդ գործում, ամեն ջանք պետք է գործ դնենք, որպեսզի այդ չարիքը քանդենք հենց իր ծնունդի մեջ:
Ասլանը ոչինչ չպատասխանեց և ինձ ներս կանչեց:
– Ասացեք խնդրեմ, սրբազան հայր, – խոսքը փոխեց նա, – ձեր վանքերում չե՞ն գտնվում հին բժշկարաններ, դա ինձ համար, որպես բժշկի, շատ հետաքրքիր է: Հայոց բժշկարանները, ըստ մեծի մասին թարգմանված լինելով արաբականից, այժմ արաբերենի մեջ շատերի բնագիրը կորած է. ես մեծ հույս ունեմ հայերեն թարգմանությունների մեջ գտնել այն կորած գրքերը:
– Գրչագիր բժշկարաններ կարելի է գտնել մեր վանքերում, – պատասխանեց սրբազանը, – ինձ ևս շատ անգամ պատահել է տեսնել: Կարելի է գտնել նաև մասնավոր տներում:
– Իհարկե, ձեզ պետք է հայտնի լինեն այն վանքերը, որոնց մեջ ավելի մեծ թվով գրչագրեր են պահպանվել:
– Ինչպես չէ, բոլորը հայտնի են, օրինակ, Վարագա վանքը, ծովի մեջ գտնված երեք կղզիները, որոնց յուրաքանչյուրի մեջ մի-մի անապատ կա, և ուրիշ շատ վանքեր, որոնք գտնվում են իմ վիճակի մեջ:
– Դուք ինձ շատ կպարտավորեիք, սրբազան հայր, եթե կշնորհեիք ինձ մի թուղթ, որ ձեր թեմի մեջ գտնված վանքերում, որտեղ կպատահեր ինձ լինել, ցույց տային ինձ գրչագիրները: Ես նրանց չէի շարժի իրանց տեղից, բայց եթե իմ նպատակներին հարմար բան գտնեի, կխնդրեի, որ արտագրեն ինձ համար:
– Մեծ ուրախությամբ: Ես կհրամայեմ հենց այսօր պատրաստեն այդ թուղթը: Նրա մեջ նշանակված կլինեն բոլոր վանքերի անունները, որոնց մեջ գտնվում են գրչադիրները:
– Շատ շնորհակալ եմ, ձեր թուղթը ինձ համար միևնույն ժամանակ մի տեսակ ուղեցույց կլինի:
Սրբազանը հրամայեց երկրորդ անգամ սուրճ տան և կանչեց իր քարտուղարին:
– Մինչև դուք մի անգամ ևս նարգիլե կծխեք, թուղթը պատրաստ կլինի:
Քարտուղարը հարկավոր պատվերը ստանալուց հետո գլուխ տվեց և հեռացավ: Ասլանը դարձյալ շարունակեց խոսել բժշկության վրա:
– Եվրոպան, արևելքից սովորելով բժշկությունը, սկսեց բոլորովին մոռանալ իր վարժապետին: Հառաջադեմ աշակերտը, իրավ է, կարող է ավելի զարգանալ և իր սովորածը ավելի կատարելագործել, բայց հին վարժապետի մոտ դարձյալ շատ բան մնում է: Ես, օրինակ, հիացած եմ հայոց ժողովրդական բժշկությամբ: Ճանապարհորդությանս ժամանակը ըստ մեծի մասին խույս էի տալիս քաղաքներից, անցնում էի հայոց գյուղերով, ժողովրդի բժշկության եղանակները ուսումնասիրելու համար: Ինձ հաջողվեց մի քանի նշանավոր գյուտեր անել, որ մեր բժշկության մեջ բոլորովին անծանոթ են:
Ասլանը սուտ չէր խոսում. նա, իրավ, հետաքրքրվում էր ժողովրդական բժշկությամբ և նրա գրքերով, բայց այդ չէր նրա ճանապարհորդության իսկական նպատակը: Հանգամանքներից օգուտ քաղելու զարմանալի ընդունակություն ուներ այդ մարդը, և ավելի զարմանալի էր նրա մեջ այն ճարպկությունը, որ իր ցանկացած նպատակը հենց իր հակառակորդի ձեռքով կատարել կտար: Օրինակ, նա պետք է գնար Վարագա վանքը, և ինձ լավ հայտնի էր, թե ինչ նպատակով: Նրա այցելությունը այդ վանքին` կարող էր մեծ կասկած հարուցանել սրբազանի սրտում, որովհետև, ինչպես հետո կտեսնենք, նա Վարագա վրա շատ վատ աչքով էր նայում: Այժմ Ասլանը այնպես պտտացրեց գործը, որ ինքը սրբազանը նրան թուղթ տվեց Վարագ գնալու, թեև ես հավատացած էի, որ Վարագա գրադարանը նրան շատ չէր հետաքրքրում:
– Ես կցանկանայի տեսնել նաև մի տեսակ աղ, որ պատրաստվում է Վանում, – ասաց նա:
– Այդ աղը պատրաստվում է Ավան գյուղում, – պատասխանեց սրբազանը, – այստեղից շատ հեռու չէ գյուղը, ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է: Պատրաստում են ծովի ջրից, «բորակ» է կոչվում, այստեղ գործ են ածում լվացքի մեջ, մաքրելու զարմանալի զորություն ունի:
– Նա բորակ չէ, – ասաց Ասլանը, – անկասկած մի այլ բաղադրություն պետք է լինի: Եթե իմ կարծած աղից լինի, որի մեջ տարակույս չունեմ, կարելի է հուսալ, որ այդ աղը ժամանակով կդառնա վանեցոց հարստության գլխավոր աղբյուրներից մեկը:
Читать дальше