Ծովը մեր առջևն էր: Միջօրեի պայծառ արեգակի լուսավորության ներքո սքանչելի տեսարան էր ներկայացնում նա: Նրա բարձր նկարչական եզերքը, պատած թուփերով և կանաչազարդ խոտերով, կամաց-կամաց ցած էին իջնում, միախառնվում էին ջրերի պարզ-կապուտակության հետ և, կազմելով մի հրաշալի պատկեր, կարծես ձգտում էին մրցել երկնքի ֆերուզայի գույն հստակության հետ: Սիփանը, ծովը շրջապատող լեռներից ամենաբարձրը, երևում էր իր վեհափառ գագաթով: «Վարդապետիկների» (կյո՜ւ-կյո՜ւների) ուրախ երամը, սուր վեղարները գլխներին, աղմկում էին օդի խաղաղությունը իրանց զիլ ձայներով: Ջրերի խորքերից, կիսալուսնաձև թևիկներով, թռչում էին նրանք դեպի ափերը: Այդ ուրախ, մշտազվարճ թռչունները կարծես այն աբեղաների ոգիները լինեին, որոնք, ձանձրացած իրանց մռայլ խուցերի տխրությունից, թողել էին Կտուց անապատի կղզին և սլանում էին դեպի աշխարհ, դեպի կյանքը, դեպի մարդկություն…
Իսքալե-Կափուսիից մենք անցանք Ավանց գյուղը: Այդ գյուղը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, ծովի ափի մոտ, և նրա նավահանգիստն է: Այստեղից քաղաքը ջրային հաղորդակցություն ունի Մուշի, Բաղեշի և այլ ծովեզրյա գավառների հետ: Ավանց գյուղը երկու մղոնով միայն հեռու է քաղաքից: Նա ամբողջապես հայաբնակ է և ունի մոտ 300 տուն հայ բնակիչներ, որոնց գլխավոր պարապմունքն է նավարկություն և ծովի ջրերից «բորակ» կոչված աղը գոյացնելը: Յոթանասուն ընտանիքից ավելի տներ ունեին իրենց սեփական նավակները ջրերի վրա: Ավանցիք պարապում էին և երկրագործությամբ. այդ գյուղի այգիները ամենագեղեցիկներն են Վանի շրջակայքում:
Մտնելով գյուղը, հենց առաջին փողոցում հանդիպեցինք վարպետ Փանոսին, որ մի խումբ գյուղացիներով շրջապատված, ինչ-որ խոսում էր նրանց հետ: Նա երևի այնտեղ սպասում էր մեզ:
– Ի՞նչ եք շինում այստեղ, – հարցրեց Ասլանը:
– Եկել եմ «նիսիաներ» հավաքելու, – պատասխանեց նա: – Չգիտեմ ի՞նչ պետք է անել այդ գյուղացիների հետ, բերում են իրանց գործվածքները, ներկել են տալիս, իսկ փողը չեն վճարում: Լավ է, որ պատահեցիք, պարոն բժշկապետ, – խոսքը փոխեց նա, – դուք երևի եկել եք այստեղի աղերը հետազոտելու, ուրեմն այսօր այստեղ կմնաք, և եթե գնալու ցանկություն ևս ունենաք, մենք ձեզ չենք թողնի, կպահենք այստեղ: Գյուղում մի քանի վտանգավոր հիվանդներ կան, պետք է նրանց օգնություն հասցնել: Առայժմ ձեզ հարկավոր է մի տեղ` հանգստանալու համար:
Երևում էր, որ վարպետ Փանոսը այդ գյուղում մեծ ծանոթություններ ուներ. ամեն կողմից նրան խնդրում էին, որ մեզ իրանց մոտ տանեն, բայց նա տարավ մեզ մի տուն, ուր, նրա ասելով, հիվանդներից մեկը հենց այնտեղ էր:
Այդ տունը իր ընդարձակ բակով և ծառախիտ պարտեզով ամառվա համար ամենա հարմար իջևանը կարելի էր համարել: Նա բոլորովին մոտ էր ծովեզրին և առատությամբ ընդունում էր ծովային հովասուն օդը: Քառակուսի բակը շրջապատված էր մեկ ու կես կանգունաչափ քարյա պարսպով, որը այնքան ցած էր, որ վրայից շատ հեշտությամբ կարելի էր թռչել: Երևում էր, որ տան տերը երկյուղ չուներ գողերի գիշերային արշավանքից: Բակի մի կողմում, չորս սյուների վրա կանգնած էր չորս կողմիցն էլ բաց մի ծածկոց, որին կոչում էին «չարդախ»: Նրա տակին ածած էին զանազան մեծությամբ հին ու նոր տախտակներ, դեռ չսղոցած գերանների կտորներ և հյուսնի զանազան ատաղձներ: Այդ բոլորը տեսնելով, առաջին անգամից, այդ տունը հյուսնի արհեստանոցի տպավորություն էր գործում: Չարդախից մի դուռ բացվում էր դեպի փոքրիկ խրճիթը. այնտեղից ուրագի ձայն էր լսվում: Այնտեղ գործում էր ալևոր արհեստավորը, բայց նա տան տերը չէր, նա մի օտարական էր, որին ժամանակավոր բնակարան էին տվել աշխատելու:
Տան տերը չէր երևում. չէր երևում և ոչ ոք տանեցիներից, միայն մի քանի սագեր, որ դեռ նոր էին վերադարձել ծովեզրից, որոնում էին մի հովանավոր տեղ` արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար: Նրանցից մեկը դիմեց դեպի ուռիների տարածած ստվերը և կչկչալով, համեցեք անելով, իր ընկերներին ու ընկերուհիներին հրավիրեց այնտեղ: Ամբողջ երամը հանգստացավ սառն ստվերի ներքո, ուր արևի կրակից և ոչ մի նշույլ չէր թափանցում: Մենք դեռ բակում ման էինք գալիս, սպասում էինք տան տիրոջը:
Վերջապես հայտնվեցավ նա: Դա մի հաստաբազուկ, թիկնավետ, բարձրահասակ տղամարդ էր, արևակեզ դեմքով, որի սուր, թափանցող հայացքը կարծես նետի նման մեխվում էր մարդու սրտի մեջ: Գլխին դրած ուներ կապույտ և կարմիր թելերով նախշած արախչին, հագել էր միայն հաստ, սպիտակ կտավից շապիկ, որի նույնպես կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած օձիքից երևում էր թավամազ, հզոր կուրծքը: Օրվա ջերմությունը ստիպել էր նրան փոքր-ինչ զովություն տալ իր թոքերին: Մեջքը պնդած էր մետաքսյա գոտիով, որից քարշ էր ընկած մի մեծ դանակ: Կապտագույն շալվարը, վերևից բավական լայն, իսկ հետզհետե սաստիկ նեղանալով, իջնում էր մինչև նրա ծնկները: Սրունքները մնացել էին բոլորովին մերկ. մերկ էին և ոտները: Հոլանի բազուկները ծալած էին մինչև արմունկները, երևում էր, որ ծովեզրից էր գալիս և այնտեղ ջրերի հետ գործ էր ունեցել: Եվ իրավ, այդ ամենատաղանդավոր արձանագործի քերիչին արժանի տղամարդը պարապմունքով նավավար էր, և նավահանգստում կապած էր նրա սիրուն նավակը:
Читать дальше