– Հարստություններ շատ կան մեր երկրում, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը ցավակցական եղանակով, – մեր հանքերը լի են արծաթով, զառիկով, պղինձով, մենք ունենք նավթի աղբյուրներ, առատ քարածուխ ևս գտնվում է մեր լեռներում, ուրիշ ի՜նչեր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթե ձեզ նման ճանապարհորդներ հաճախ այցելեին մեր կողմերում և ուսումնասիրեին երկիրը, մենք բախտավոր կլինեինք:
– Այդ իրավ է, – ասաց Ասլանը և, նայելով ժամացույցին, ավելացրեց, – ներեցեք, սրբազան հայր, ես բավական ժամանակ խլեցի ձեզանից: Ճանապարհորդները առհասարակ սաստիկ շատախոս են լինում, բայց ես չափը անցա: Ձեր հաղորդած տեղեկությունները այն աստիճան թանկագին էին ինձ համար և գրավիչ, որ ես չէի կարող օգուտ չքաղել:
– Շատ ուրախ եմ, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը մի առանձին բարեսրտությամբ, – դուք ինձ մեծ բավականություն կպատճառեիք, եթե, որքան ժամանակ այստեղ կմնայիք, շուտ-շուտ տեսնվեինք, գուց՛ե ես կարող կլինեի ուրիշ ծառայություններով ևս պիտանի լինել ձեզ:
– Շատ շնորհակալ եմ, սրբազան հայր:
Այդ միջոցին սրբազանը վեր կացավ, մտավ կից սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ, ձեռքում բերելով մի օտարոտի բան, որը առաջարկեց Ասլանին, ասելով.
– Դուք ինձ շատ հարգած կլինեիք, եթե հիշատակի համար այդ չնչին նվերը ընդունեիք ինձանից և դասեիք ձեր հավաքած հնությունների կարգում:
Դա փոքրիկ թիակի ձևով մի գործիք էր փղոսկրից շինված: Նրա կոթը զարդարված էր ամենանուրբ քանդակներով, իսկ գլուխը կնոջ քնքույշ ձեռքի նմանություն ուներ, որի ափի մեջ երևում էին խարտոցի ատամների պես փափուկ խազեր: Ասլանը ձեռքում բռնած երկար նայում էր նրա վրա, հետո, երեխայի պես ուրախանալով, ասաց.
– Ես այն աստիճան սիրահարված եմ հնությունների վրա, սրբազան հայր, որ եթե դուք չտայիք այդ գեղեցիկ ընծան, ես պատրաստ կլինեի մինչև անգամ գողանալ ձեզանից:
– Իսկ ես ձեր այդ փոքրիկ մեղքը կներեի, որպես հոգևորական, – պատասխանեց սրբազանը նույնպես ուրախանալով:
Ուղիղն ասած, ես էլ չկարողացա զսպել ինձ, սկսեցի ծիծաղել այդ հանաքների վրա:
– Ձեր ընծան որքան հիանալի է, սրբազան հայր, – ասաց Ասլանը, – բայց խոստովանում եմ, որ նույնքան ես վատ հնագետ եմ նրանշանակությունը հասկանալու համար: Բացատրեցե՛ք, խնդրեմ, դա ի՞նչ բանի է ծառայում:
– Դա մեր վանական աբեղաների հնարած մի գործիք է, կոչվում է «տիրուհի», հենց այդ անվան մեջ է նրա նշանակությունը, որովհետև կատարում է նույն ծառայությունը, ինչ որ տան տիրուհին կատարում է ընտանիքի մեջ: Հայոց ընտանիքներում դեռ պահպանվել է վաղեմի սովորությունը, որ տան տիրուհին քորում է իր սկեսուրի, սկեսրայրի և մինչև անգամ հարգելի հյուրերի մեջքը, մաժում է նրանց ոտները և հանգստացնում է նրանց քնելու ժամանակ: Որովհետև աբեղաները զրկված են տիրուհիներից, հնարել են մի այսպիսի գործիք իրանց մեչքը քորելու:
– Շատ սուր կատակ է աբեղաների կողմից, – խոսեց Ասլանը ժպտելով: – Ասացեք խնդրեմ, ո՞ր դարու գործ է այդ «տիրուհին»:
– Պետք է տասներկուերորդ դարու գործ լինի, որովհետև այն կաթողիկոսը, որին ընծայված է եղել այդ «տիրուհին», ապրում էր տասներկուերորդ դարում, դա Դավիթն էր, որ Աղթամարա կաթողիկոսության սկիզբը դրեց:
Ասլանը, փոքր ինչ դժվարություն ցույց տալով, կարդաց հետևյալ մակադրությունը:
«Ի վայելումն Դաւթի Աղթամարայ սրբազնասուրբ կաթողիկոսի»: «Ի Հնդիկս»: – Ուրեմն Հնդկաստանի գործ է, երևում է, հայերը վեռ տասներկուերորդ դարում Հնդկաստանում գաղթականություն են ունեցել:
– Այդ չգիտեմ, – պատասխանեց սրբազանը:
– Ասացեք խնդրեմ, այս տեսակ «տիրուհիներ» մինչև այսօր գո՞րծ են ածվում ձեր վանքներում:
– Այո՛, գործ են ածվում, մանավանդ այն վանքերում, ուր բոլորովին փակված կյանք են վարում:
– Հիանալի գեղարվեստ կա դրա մեջ, – ասաց Ասլանը իսկապես հրճվելով, – այդ «տիրուհին» կարող է Եվրոպայի ամենանշանավոր մուզեումներից մեկի զարդը լինել, բայց ես ինձ մոտ կպահեմ, իբրև, թանկագին հիշատակ: Ուրեմն թույլ տվեցեք, սրբազան հայր, իմ կողմից ևս ձեզ մոտ մի փոքրիկ հիշատակ թողնել:
Ասլանը նայեց իմ երեսին, ես մոտեցա և քթախոտի փղոսկրյա տուփը, որ պահված էր գեղեցիկ պատյանի մեջ, դրեցի նրա առջև: Նա վեր առեց և տվեց սրբազանին, որ շնորհակալությամբ ընդունելով, ասաց:
– Որքան անգամ այդ տուփը ձեռքս առնելու լինեմ, ձեր անունը օրհնությամբ կհիշվի իմ բերանում, պարոն բժշկապետ:
Ասլանը այլևս երկար չնստեց, երբ քարտուղարը պատրաստած թուղթը ներս բերեց: Սրբազանը կնիքը դրեց և ստորագրեց թուղթը, հետո իր ձեռքով տվեց Ասլանին: Նա շնորհակալությամբ ընդունեց թուղթը և, «տիրուհին» առնելով, վեր կացավ: Երբ սրբազանի աջը սեղմելով կամենում էր հեռանալ, նա կանգնեցրեց, ասելով.
– Կիրակի գիշեր ինձ մոտ հյուրեր կլինեն, որոնց թվում կլինի փաշան և մեր քաղաքի մի քանի նշանավոր անձինք: Խնդրեմ, դուք ևս հարգեք մեր սեղանը:
– Մեծ ուրախությամբ, – ասաց Ասլանը, և մենք դուրս եկանք:
Բակի դռան մոտ տեսանք քարտուղարին, որ դարան մտած կատվի պես սպասում էր մեզ:
Читать дальше