– Ձեր նկատողությունը բոլորովին ճիշտ է, սրբազան հայր, բայց ինձ անծանոթ է հայոց միայն կենդանի բարբարը, որով այժմ խոսում են, իսկ հին լեզուն ես բավականաչափ ուսումնասիրել եմ:
– Ներեցեք, խնդրեմ, իմ անտեղի հետաքրքրությունը, ո՞րտեղ սովորեցիք այդ լեզուները:
– Ես բավական ժամանակ եղել եմ Հնդկաստանում, այնտեղ սովորեցի պարսկերենը և հայոց հին լեզուն. հետո ապրում էի Եգիպտոսում, այնտեղ սովորեցի արաբերեն և տաճկերեն:
– Դա մի մեծ հարստություն է – այդքան լեզուներ գիտենալ, – ասաց սրբազանը մի առանձին բավականությամբ: – Դուք, պարոն բժրշկապետ, սովորած լինելով արևելյան լեզուներ, իհարկե, ընտելացած կլինեք և արևելյան սովորություններին:
– Այդ դուք տեսնում եք, սրբազան հայր, – պատասխանեց Ասլանը ծիծաղելով, – տեսնում եք՝ ինչպես ծալապատիկ նստած եմ մինդարի վրա:
Սրբազանը նույնպես ծիծաղեց:
Մի մանկահասակ պատանի, լավ հագնված, բավական գրավիչ դեմքով, ներս մտավ, մի ձեռքում բռնած արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում՝ արծաթյա փոքրիկ մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Այդ բոլոր հրապուրիչ անոթները, անուշահոտ ըմպելիքով, չափազանց մաքրությունից փայլում էին: Պատանին ծանրությամբ մոտեցավ, ածեց սև հեղուկը, նախ տվեց հյուրին և ապա սրբազանին: Սուրճից հետո մի այլ պատանի ներս բերեց արծաթյա նարգիլեն: Այդ բոլորը, եթե կարելի է այդպես ասել, բավական փաշայական էր, բավական նման էր փաշայի տան հյուրասիրության ձևերին:
– Հիմա ես բոլորովին համոզվեցա, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը, – որ դուք բավական ընտելացած եք մեր սովորություններին:
– Ես մինչև անգամ սիրում եմ արևելյան սովորությունները, – պատասխանեց Ասլանը, նկատելով, որ սրբազանի հարցմունքները քննական ձև են ստանում: – Երբ ես վերադառնում եմ իմ հայրենիքը, իմ ամենալավ ընծաները իմ ընտանիքին լինում են արևելյան գորգեր, շալեր, արևելյան կարասիք: Մի սենյակ իմ տան մեջ, ուր ես պարապում եմ, զարդարված է բոլորովին արևելյան ճաշակով: Արևելքը հրապուրիչ է, սրբազան հայր, նա անփառասեր կրոնավորների վրա անգամ ունենում է իր ազգեցությունը:
– Ինչպես ինձ վրա, պարոն բժշկապետ, – պատասխանեց սրբազանը, հասկանալով իր խոսակցի խուլ ակնարկությունը: – Ես, պարոն բժշկապետ, հետևում եմ մեր նշանավոր պատրիարքներից մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորության եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:
Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.
– Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:
– Մինչև անգամ հարկավոր է, – ավելացրեց սրբազանը, – այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում…
– Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, – խոսքը փոխեց Ասլանը:
– Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր նմանը չունի: Նա բոլորովին հիացած է ձեզանով, պարոն բժշկապետ, նա ձեզ Լողմանի հետ է համեմատում. ձեր սակավաժամանակյա բժշկությունը թե՛ փաշայի վրա և թե՛ նրա որդու վրա մեծ օգուտ է բերել: Քանի օր նրա մոտ էի, միշտ ձեզ վրա էր խոսում, և միշտ այն էր հարցնում, թե ի՞նչով կարող է երախտամատույց լինել ձեզ:
– Ես նրան մի մեծ ծառայություն չեմ արել, – պատասխանեց Ասլանը, – բայց պատրաստ կլինեի, եթե իմ ժամանակը ներեր, ավելի մեծ ծառայություններ անել, որովհետև նա արժանավոր մարդ է, և մանավանդ որ դուք այդքան գովում եք:
– Ճշմարիտ է, արժանավոր մարդ է և գովության արժանի է, – կրկնեց սրբազանը:
– Ուրեմն ժողովուրդը պետք է շատ գոհ լինի մի այդպիսի լավ կառավարչից:
– Ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց…
Վերջին բառը արտասանելու միջոցին սրբազանի աչքը ընկավ իմ երեսին, և նա ընդհատեց իր խոսքը: Ասլանը, այդ նկատելով, ինձ նշան արեց, որ հեռանամ: Ես դուրս եկա նախասենյակը և նստեցի դռան մոտ: Նրանց խոսակցությունը պարզ լսելի էր և այնտեղ:
– Դուք մի բան էիք ուզում ասել, սրբազան:
Читать дальше