Նույն կերպով, նույն հանդեսով, որպես ղավազները մեզ բերել էին փաշայի ապարանքը, դարձյալ նույն պատվով մեզ տարան Այգեստան, մինչև վարպետ Փանոսի տունը: Ասլանը դրեց ղավազների յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի ոսկի, և նրանք շնորհակալությամբ հեռացան:
Մտնելով մեզ համար պատրաստված սենյակը, Ասլանը ծիծաղելով իր գլխարկը մի կողմ ձգեց և, գլուխը զարմացած կերպով շարժելով, կանգնեց սենյակի մեջտեղում և, դառնալով դեպի ինձ, ասաց.
– Խելացի՜ մարդիկ են… խելացի՜… գիտեն իրանց գործը… Եթե ես իսկապես եվրոպացի լինեի, եթե չճանաչեի այդ անպիտաններին, անպատճառ հիացած կմնայի այդ մարդուց:
Նրա խոսքը փաշայի մասին էր: Ներս մտավ վարպետ Փանոսը և անհամբերությամբ հարցրեց, թե ինչպես անցավ նրա այցելությունը: Ասլանը համառոտ կերպով պատմեց բոլորը և ապա ավելացրեց.
– Եթե դուք գիտենայիք եվրոպական լեզուներ, եթե դուք կարդայիք, թե ի՞նչ են գրում եվրոպացի ճանապարհորդները թուրք ժողովրդի և թուրք պաշտոնյաների մասին, դուք այդ ճանապարհորդներին կատարյալ խելագարի տեղ կդնեիք: Նրանց նկարագրությունների մեջ թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր է, հառաջադիմության ընդունակ է. նրանց նկարագրությունների մեջ թուրք պաշտոնյան, թուրք աստիճանավորը ազնիվ է, մեծահոգի է, գեղեցիկ ձգտումներ ունի, հյուրասեր է, առատաձեռն է, մի խոսքով, հիացած են նրանցով, և ամեն լավ հատկություններ վերաբերում են այդ հրեշներին: Ինչի՞ց է առաջ գալիս այդ հիացումը: Երևակայեցեք, մի անհայտ եվրոպացի, որին իր երկրում ոչ ոք մարդու տեղ չի դնում, որի հետ իր երկրի ամենահետին հյուրանոցում սպասավորը իրան թույլ կտա կոպտությամբ վարվել, հանկարծ մի այսպիսի մարդու խելքին փչում է՝ արևելքում ճանապարհորդություններ անել: Նրա եվրոպացի լինելը բավական է, որ նրան ամեն տեղ լավ ընդունեին, որովհետև նա այս ու այն մեծ պետության քաղաքացին է: Այսուամենայնիվ, նա զինված է լինում զանազան հանձնարարական թղթերով, որ ստանում է իր դեսպանի կամ հյուպատոսների շնորհիվ: Եթե նրա հետ վատ կվարվեն, նրա պետության դեսպանը կամ հյուպատոսները սաստիկ պահանջել գիտեն: Իր երկրում մի այսպիսի անձին գուցե ժամերով սպասել կտային մի որևիցե իշխանի կամ հասարակ ազնվականի նախասենյակում: Բայց Ասիայում ամենանշանավոր անձանց դռները բաց են նրա համար, որովհետև եվրոպացի է և ճանապարհորդ, կարող է վատ խոսել, կարող է վատ գրել նրանց մասին: Ամեն տեղ սիրալիր ընդունելություն, պատրաստականություն և հարմարություններ է գտնում: Նա կարծում է, որ այդ մարդիկը բնականապես բարի են, ազնիվ են, մեծահոգի են, բայց չգիտե, որ նրանք նույնիսկ դժբախտ Շուլցի գլուխը կտրողներն են, միայն այժմյան հանգամանքները ստիպել են նրանց այլապես վարվել: Իր տեղեկությունները երկրի տնտեսական և հասարակական դրության մասին` քաղում է նա իր հյուրընկալի պատմությունից: Նրա սեղանի մոտ նստած ժամանակ, նրա բարերար ազդեցության ներքո, գրում է նա իր հիշատակարանը: Իսկ այն սեղանը, որ իր կյանքում նա երբեք չէ տեսել, այնքան ճոխ է, այնքան հրապուրիչ է, որ բոլորովին շլացնում է, խելքից հանում է նրան: Նա իր հյուրընկալից ստացած սուտ ու սխալ տեղեկությունները նույն ախորժակով է զետեղում իր ճանապարհորդական հիշատակարանի մեջ, ինչ ախորժակով որ խմում է նրա անուշահոտ շերբեթները կամ ինչ ագահությամբ որ զետեղում է իր փորում նրա լավ պատրաստած «փախլավան»: Իսկ այդ սուտ ու սխալ տե – ղեկությունները, որոնք, իհարկե, ի նպաստ մահմեդականների են լինում, եթե մի օր տպագրությամբ լույս են տեսնում, սաստիկ ազդում են եվրոպացիների հասարակական կարծիքի վրա: Եվ այդպես, Եվրոպացի ճանապարհորդը, միայն արտաքին հրապուրիչ կեղևից դատելով, առանց միջուկը քննելու, ինքը սխալ գաղափարներ է կազմում և մոլորեցնում է իր հայրենակիցներին: Դիցուք թե ճանապարհորդը շրջանկատ, խորազնին, անաչառ և բարեխիղճ մեկը լիներ, բայց ի՞նչ կարող է նկատել նա իր շուտափույթ, անցողական ճանապարհորդության մեջ, միայն թեթև հայացքներ ձգելով, մանավանդ, երբ նրա առաջնորդները այդպիսի փաշաներ կամ դրանց նմանները կլինեն: Մի ժողովրդի դրությունը լավ հետազոտելու համար պետք է դիմել իրան, ժողովրդին և ոչ թե նրա կառավարիչներին:
– Եղեռնագործը սովորում է ինքն իր անձի փաստաբանը լինել, – շարունակեց նա: – Այդ մարդիկը, սկսյալ առաջին վեզիրից, մինչև վերջին զափթիան, շատ լավ գրտեին իրանց հանցանքները, և այդ պատճառով նրանց լեզվում կազմվել է մի ամբողջ մշակված ճառ իրանց արդարացնելու համար: Մի այդպիսի ճառ ես այսօր լսեցի ինձ ամենայն քաղաքավարությամբ հյուրասիրող փաշայի բերանից: Նրան չէ կարելի հիմար կոչել, ընդհակառակն, նա ինձ բավական խելացի երևաց: Ես ներկայացա նրան որպես եվրոպացի և ճանապարհորդ: Այդպես էլ նա ընդունեց ինձ: Նա գիտեր, թե ի՞նչ կարծիք, ի՞նչ նախապաշարմունքներ կարող է ունենալ մի եվրոպացի նրա մասին. նա գիտեր, թե ի՞նչ է պահանջում նրանից, որպես մի երկրի գլխավոր կառավարչից, այժմյան քաղաքակրթությունը. նա գիտեր և իր երկրի անկարգությունները, այդ բոլորը շատ լավ գիտեր նա, և այդ նկատումներով, իր բոլոր խոսակցությունը ճարտարությամբ այնպես էր դարձնում, որ ինքը և իր կառավարությունը ընդհանուր ցեխի մրջից մաքուր դուրս գան: Եթե այդ բոլորը ինձ հայտնի չլիներ, եթե ես մի միամիտ եվրոպացի ճանապարհորդ լինեի, անտարակույս, շատ լավ գաղափար կկազմեի այդ մարդու և նրա կառավարության մասին:
Читать дальше