– Այդ մարդիկը, – առաջ տարավ նա, – գրավելու և իրանց լավ ցույց տալու զարմանալի շնորհք ունեն: Մինչև անգամ բարբարոս քուրդ ցեղապետը շնորհք ունի հիացնելու միամիտ եվրոպացուն, երբ պատահում է նրան հյուրասիրվել այդ ավազակի վրանում: Բայց ի՞նչ բարոյական նշանակություն ունի մի ասիական բռնապետի հյուրասիրությունը, երբ նրա հացը իր զոհերի արյունովն է շաղախված, երբ կերակրում է նա իր հյուրին այն կողոպուտներով, որ հափշտակել էր հարյուրավոր թշվառներից: Մեր դժբախտությունը նրանումն է, որ այդ բոլորը այդպես լինելուց հետո իսկությունը, բուն իրողությունը` մեր վիճակի դառն ճշմարտությունները դառնում են տարակուսական, և եվրոպացիք դժվարանում են մեզ հավատալ, երբ մեր բողոքն ու դժգոհությունները ներկայացնում ենք նրանց: Բայց մեզ համար մեծ նշանակություն ունի Եվրոպայի հասարակական կարծիքը: Իհարկե, մենք չէինք ցանկանա մահմեդականների նման խաբել նրանց, բայց կցանկանայինք, որ նրանք լավ հասկանային մեր դրությունը…
Ասլանը բնավորությամբ լռություն սիրող էր, բայց երբ տաքանում էր, երբ սկսում էր խոսել, խոսում էր շատ երկար: Այդ միջոցին անկարելի էր ընդմիջել նրան, պետք էր թույլ տալ, որ նա իր ասելիքը վերջացնե: Այնօրվա այցելությունը նրա վրա խիստ անախորժ տպավորություն էր թողել: Չնայելով, որ արդեն ճաշի ժամանակ էր, վարպետ Փանոսն անգամ մի առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան և չէր կամենում խանգարել նրա խոսակցությունը, պատվիրելով, որ ճաշի սեղանը պատրաստեն: Նա շարունակեց.
– Որքան մահմեդական ժողովրդի ներկայացուցիչները շնորհալի են օտարներին գրավելու մեջ, այնքան մերոնք կոպիտ և անշնորհք են: Երբ որ եվրոպացին նրա դուռը կբախե, նա կա՛մ իր դուռը կփակե նրա առջև կա՛մ եթե ներս կընդունե և մի կտոր հաց կտա, անպատճառ կաշխատե իր անվերջ տրտունջներով, իր լացուկոծով ձանձրացնել իր հյուրին: Հայը իր դատը մարդավարի կերպով պաշտպանելու ընդունակություն չունի: Դարավոր ստրկությունը սովորեցրել է նրան վիզը ծռել և խնդրել: Նա չէ կարող իր դժգոհությունը հայտնել, առանց ստորացնելու իր անձնավորությունը: Նա կա՛մ այդպես կվարվե, կա՛մ բոլորովին կլռե, ամեն ինչ թողնելով նախախնամության կամքին:
– Եվրոպացին, ճանապարհորդելով արևելքում, ըստ մեծի մասին թողնում է, անցնում է գյուղերը և կանգ է առնում միայն քաղաքներում: Եվ որովհետև քաղաքներում օրինավոր հյուրանոցներ չկան, այլ կան միայն կեղտոտ քարվանսարաներ, այդ պատճառով նա օթևան է որոնում մասնավոր տներում: Թուրք կառավարիչները, որպես հիշեցի, մեծ ուրախությամբ ընդունում են նրանց իրանց հարկի տակ: Նա չէ մտնում հայ գյուղացու, հայ արհեստավորի տունը, որոնք իրանց սիրտը, հոգին և ամեն ինչ դնում են աստծո հյուրի առջև, որոնք իրանց նահապետական պարզությամբ կարող էին հիացնել ամեն մի օտարականին: Եթե պատահում է եվրոպացուն մի հայի տուն մտնել, անպատճառ դա կա՛մ արքունի ծառայող կլիներ, կա՛մ մի կապալառու և կամ մի հարուստ վաճառական: Ծառայողը, կապալառուն, վատ չէր խոսի այն կառավարության մասին, որից ինքը հաց է ստանում: Իսկ վաճառականը ամեն ազգի մեջ՝ ըստ մեծի մասին եսական է, անտարբեր է դեպի հասարակաց թշվառությունները: Ցավալին այն է, որ եվրոպացիները միշտ հայ վաճառականների են հանդիպել, և նրանց գլխում մեխի պես ցցվել է այն սխալ կարծիքը, թե հայոց ազգը բաղկացած է ամբողջապես վաճառականներից: Այդ մեխը մինչև այսօր անհնար է եղել դուրս քաշել: Այդ է գլխավոր պատճառը, որ մեր ազգը համեմատում են հրեաների հետ և շատ նման են գտնում: Դեռևս չգիտեն, որ արևելքում, ուր որ հայեր են բնակվում, արհեստը և երկրագործությունը գլխավորապես նրանց ձեռքումն է, չգիտեն, որ այդ աշխատասեր հայերն են, որ ճնշված են, հարստահարված են, և իրանց վաստակով կերակրում են իրանց անհագ նեղիչներին:
Ե
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մյուս օրը մենք անհամբերությամբ սպասում էինք առաջնորդին, որ խոստացել էր փաշան ուղարկել մեզ` քաղաքի մեջ և նրա շրջակայքում գտնված հնությունները ցույց տալու համար: Չգիտեմ ի՞նչ պատճառով վարպետ Փանոսը հակառակ էր այդ արշավանքին: Բայց Ասլանը պնդում էր, թե ինչ էլ որ պատահելու լինի, անպատճառ պիտի գնալ:
Վերջապես հայտնվեցավ առաջնորդը, իր հետ բերելով նախորդ օրվա երկու ղավազներին և երկու ձիաներ, որ փաշայի ախոռատան ամենաընտիր նժույգներից էին, ուղարկել էր մեզ, հեծնելու համար: Վարպետ Փանոսը ճանաչեց առաջնորդին: Դա մի աստիճանավոր էր, որ փաշայի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում, և հայտնի էր, որպես ուսումնական մարդ: Նա դեռ երիտասարդ էր, ուրախ, զվարթ, և, որպես ակնարկեց մեզ վարպետը, թուրք ծառայողների սովորության համեմատ, օղիի կատարյալ սիրահար էր: Գուցե այդ էր պատճառը, որ նախաճաշիկի ժամանակ վարպետ Փանոսը առանձին ուշադրություն էր դարձնում նրա խմելու վրա և աշխատում էր, որքան կարելի էր, գոհացնել նրան: Օրից մի քանի ժամ անցած էր, երբ մենք ճանապարհ ընկանք:
Հասնելով հսկա քարաժայռի ստորոտը, որի բարձրության վրա նստած էր բերդը, մենք ցած իջանք ձիերից և սկսեցինք քարե մաշված սանդուղքներով դեպի վեր բարձրանալ: Սարսափելի ճնշող տպավորություն էր գործում այդ բերդը իմ վրա: Նրա ահավորության առջև մարդ կարծես մանրանում էր, փոքրանում էր, և կորցնում էր իր բոլոր քաջաթյունը: Չգիտեմ ի՞նչ էր պատճառը, արդյոք այն, որ իմ առջև ներկայանում էր մի պատկառելի հնություն, թե ա՞յն, որ այդ լուռ, խորախորհուրդ քարաժայռը պահել էր իր սրտի մեջ խիստ տխուր հիշատակներ մեր պատմական անցյալից:
Читать дальше