Ասլանը չկամեցավ իսկույն բերդը մտնել, սկսեց նախ նրա շրջակայքը հետազոտել: Ամեն տեղ երևում էին հնության հետաքրքիր մնացորդներ, ամեն տեղ քարերի ճակատին տեսնում էինք բազմատող բևեռագրեր: Երբ նրանց մասին հարցրի Ասլանից, նա խիստ անփույթ կերպով պատասխանեց. «Ինձ չեն հետաքրքրում այդ մեռած տառերը»… Ուրեմն ի՞նչ էր հետաքրքրում նրան, ի՞նչ էր որոնում նա այն ամայի քարափների մեջ այնքան խորին ուշադրությամբ: Նա մի բան որոնում էր, որովհետև ես շատ անգամ նկատում էի, իր հիշողության գրքույկը հանում էր ծոցից և մի բան գրում էր նրա վրա:
Մեր առաջնորդը, որին իբրև զարգացած մարդ, և մանավանդ իբրև հնագետ, փաշան դրել էր մեզ հետ, որ ցույց տար հնությունները և բացատրեր մեզ նրանց նշանակությունը, այդ երիտասարդ թուրք գիտնականը անդադար Ասլանի ուշադրությունը դարձնում էր այս ու այն առարկայի վրա և իր հոգնեցուցիչ շատախոսությամբ ավելի խանգարում էր նրան, քան թե օգնում էր: – «Նայեցեք այդ ծակին, – նա ցույց էր տալիս մի վիրապի բավական լայն բերանը, – դա իջնում է ցած և ցած մինչև երկրի խորքերը, հետո ստորերկրյա ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում է մինչև ծովակի հատակը: Այնտեղ բացվում է մի ոսկյա դուռ և մարդուն ներս է տանում բյուրեղյա հրաշալի ապարանքի մեջ: Այնտեղ մարջանի (բուստի) մշտադալար ծառերի ներքո ճեմում են հավերժական հյուրիներ, փերիներ, ավելի պայծառ, քան նոր ծագող արեգակը իր վարդակարմիր ճառագայթներով: Այնտեղ «Հազարան բլբուլը» կերակրվում է մարգարիտներով և, փղոսկրյա վանդակի մեջ, ամեն մի րոպեում վախում հազարավոր եղանակներ, հազարավոր նվագներով: Նրա երգի ձայնից անուշահոտ վարդենիները գտնվում են մշտական զմայլմունքի մեջ: Այնտեղ արարածները չեն ծերանում, այլ վայելում են հավերժական սեր և մանկություն: Բայց բյուրեղյա ապարանքի ոսկյա դուռը ամենի առջև չէ բացվում, որովհետև նա կախարդված է և խորհրդավոր թիլիսման ունի: Մի ծերունի դերվիշ, որ աչքով տեսել է այդ բոլորը, խոստացել է տալ ինձ այդ թիլիսմանը»:
Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փախուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսանից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:
– Ավանդությունը, – ասաց Ասլանը, – այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:
– Ի՞նչ է ասում Խորենացին, – հարցրի ես խորին հետաքրքրությամբ:
Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.
– «Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:
Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:
Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում. «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»…
Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար: Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:
Читать дальше