Փաշայի առաջին խոսակցությունը այն աստիճան քաղցր, սահուն և գրավիչ էր, կարծես մի շաբաթ առաջ սերտել էր այն ջերմ, սրտից բխած խոսքերը: Բայց ոչ թե մի շաբաթ առաջ, այլ իր ամբողջ կյանքում նա սերտել էր այդ խոսքերը: Օտարերկրացու մոտ այդ հրեշները վերին աստիճանի բարի և քաղաքավարի են, իսկ իրանցների մոտ` մի խստասիրտ գազան:
Հետո խոսակցությանը ձևականից ավելի սովորական դարձավ. խոսում էր նա, ինչ որ առհասարակ խոսում են մի ճանապարհորդի հետ, այն ևս եվրոպացի ճանապարհորդի հետ:
– Հանգի՞ստ անցավ ձեր ճանապարհորդությունը, պարոն բժշկապետ, – հարցնում էր նա: – Հույս ունեմ, մի որևիցե անախորժություն պատահած չի լինի ձեզ հետ:
– Առանձին ոչինչ չէ պատահել, ամեն տեղ սիրալիր ընդունելություն էի գտնում, – պատասխանում էր Ասլանը:
– Ուրիշ կերպ չէր կարող լինել: Ես ինձ բոլորովին անպատված կհամարեի, եթե իմ կառավարությանը հանձնված երկրում դուք մի ամենաթեթև նեղություն անգամ կրած լինեիք: Եվրոպացիք առհասարակ խիստ աննպաստ կարծիք ունեն մեր երկրի մասին, համարում են վայրենիների աշխարհ, ուր գլխի մազից օգուտ քաղելու համար մարդկանց կառափներ են կտրում: Մենք շատ ուրախ ենք լինում, երբ երբեմն մերկողմերում հանդիպում են եվրոպացի ճանապարհորդներ, գոնե այդ կարծիքը մասամբ կփարատեին մեր մասին:
– Եվրոպացի ճանապարհորդներից ոմանք շատ լավ կարծիքներ են հայտնել ձեր երկրի մասին, – նկատեց Ասլանը:
– Արդարությունն էլ այդպես է պահանջում: Այդ գոնե առիթ կտար եվրոպացիներին չվախենալ մեր ևրկրից, և մենք ավելի հաճախ հարաբերություններ կունենայինք միմյանց հետ, և մեր երկրի քաղաքակրթությունը ավելի և ավելի կծաղկեր: Իրավ է, երբեմն մասնավոր անկարգություններ պատահել են (ո՛րտեղ չեն պատահում նրանք), բայց այդ եղել է ավելի հին ժամանակներում: Իմ կողմից կատարյալ անհամեստություն կլիներ, պարոն բժշկապետ, իմ բերնով ձեզ ասել, դուք կարող եք այդ և ուրիշներից տեղականալ, որ այն օրից, երբ ես ոտք կոխեցի այդ երկրի վրա, գայլն ու գառը միասին են ապրում, որպես երկու հարազատ եղբայրներ:
– Այդ ես տեսա… – ասաց Ասլանը ժպտելով:
Այդ միջոցում ներս մտավ մի լավ հագնված մանկլավիկ, մի ձեռքում բռնած ուներ արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում` մի գեղեցիկ արծաթյա մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական հիանալի ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Նա, տեղային սովորաթյան համեմատ, լցրեց ֆինջաններից մեկը, նախ տվեց փաշային: Իսկ փաշան, իր հյուրին առանձնապես պատվելու համար, իր ստացած ֆինջանը իր ձեռքով տվեց նրան, և Ասլանը շնորհակալությամբ ընդունեց: Փաշան վեր առեց երկրորդ ֆինջանը:
Մանկլավիկը սենյակից դուրս գալու ժամանակ լռությամբ անցավ իմ մոտից և թևքով կամաց իմ կողքին բոթեց. դա արդեն նշան էր, որ ես դուրս գամ նախասենյակը, որ ինձ էլ ղահվե խմացնե: Բայց ես չշարժվեցա իմ տեղից: Այդ շատ զարմացրեց նրան:
Ղահվեից հետո մի այլ մանկլավիկ, ավելի լավ հագնված, նարգիլե ներս բերեց, որը իր գեղեցկությամբ բոլորովին ապշեցրեց ինձ: Նրա գլուխը, որի մեջ թամբաքու և կրակ էին դրած, շինված էր զուտ ոսկուց և զարդարած թանկագին քարերով. օձապտույտ «բուլղարիի» ծայրը շինած էր մի թզաչափ երկարությամբ դեղին սաթից, որ նույնպես բռնված էր ոսկու մեջ: Նարգիլեի տակը, որի մեջ ջուր էր ածած, շինված էր ադամանդի նման փայլուն բյուրեղից, որ զարդարված էր գույնզգույն ծաղիկներով: Փաշան նարգիլեի վերաբերությամբ նույն քաղաքավարությունը գործ դրեց, ինչ որ ցույց տվեց ղահվեի ժամանակ, այսինքն` նախ ինքը ընդունեց սպասավորից, հետո իր ձեռքով առաջարկեց Ասլանին:
– Դուք արդեն փոքր ի շատե ընտելացել եք մեր սովորություններին, – ծիծաղելով նկատեց փաշան: – Ի՞նչպես է թվում ձեզ մեր նարգիլեն:
– Ես խիստ ախորժանոք ծխում եմ, – պատասխանեց Ասլանը, – Պոլսում սովորեցի:
Ղահվեն և նարգիլեն ընդհատեցին նրանց խոսակցությունը: Փաշան, կամենալով շարունակել այն, վարպետությամբ հարցրեց.
–Հա, մոռացա, ինչ բանի վրա էինք խոսում:
–Դուք ասում էիք, որ հիմա գառն ու գայլը միասին են ապրում…
– Այո՛, հենց այստեղ ընդհատվեցավ մեր խոսակցությունը: Որովհետև սիրտս լցված է, թույլ տվեցեք ինձ, պարոն բժշկապետ, փոքր-ինչ շատախոս լինել: Եվրոպան մեզ մեղադրում է մեր անմարդասիրական վարմունքի մասին քրիստոնյաների հետ, իբր թե նրանք ճնշված են մեր երկրում, հալածված են, մի խոսքով, ինչ չարիքների մեջ ասեք, չեն զրպարտում մեզ: Բայց հավատացած եղեք, որ քրիստոնյաների վիճակը ավելի լավ է, քան թե մահմեդականներինը: Մեր երկրում ամեն տեղ քրիստոնյաներին առավելություն են տալիս: Մենք նրանց ազատել ենք շատ պարտավորություններից, որ կատարում են միայն մահմեդականները, օրինակ, զինվորագրությունից, որ նրանց շատ ծանր է թվում: Ես ինքս առանձին հոգ եմ տանում, իմ կառավարությանը հանձնված երկրում, քրիստոնյաների վիճակը բարվոքելու համար, որպեսզի նրանց բեռը ավելի թեթև լինի և նրանց ապրուստը ավելի ապահով լինի: Շնորհակալ եմ, որ քրիստոնյաները իրանց կողմից հասկանում են իմ նրանց մատուցած ծառայությունները, և ամիս չէ անցնում, որ իրանց երախտագիտությունը չարտահայտեին, որտեղ որ հարկն է: Ձեզ այս րոպեին ցույց կտամ, պարոն բժշկապետ, մի նոր հանրագիր, որ պատրաստված է երկու օրինակ, մեկը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ուղարկելու համար, մյուսը` Բարձրագույն Դուռը ուղարկելու համար: Դրանց մեջ հայ հասարակությունը, հազարավոր ստորագրություններով, հայտնում է իր խորին գոհունակությունը իմ կառավարությունից և, միևնույն ժամանակ, ցույց է տալիս իր բախտավոր դրությունը և բարօրությունը:
Читать дальше