Փոքրիկ աշակերտը վեր կացավ նստած տեղից, երկու ձեռքերը միմյանց վրա կպցրեց կուրծքին, երկու անգամ հազաց և անմեղ աչքերը պլշացնելով, կարդաց. «ամեն հավիտյան փառք և զորություն և արքայություն է քո զի»…
– Բավական է, – ընդհատեց Ասլանը, – այս անգամ սատանային հանգիստ թողեցեք:
Երևի պատվելին գոհ մնաց այդ հարցաքննությամբ. նա ցույց տվեց մի այլ աշակերտ, ասելով.
– Տեսնո՞ւմ եք, պարոն, այդ փոքրիկին, այնպես լավ սերտել է «Հավատամքը», որ գիտե` նրա մեջ քանի այբ կա, քանի բեն կա, մի խոսքով բոլոր տառերը գիտե, պարոն, և բլբուլի պես պատասխան կտա:
– Երևի դուք թվաբանությունը այդ եղանակով եք սովորեցնում, – նկատեց Ասլանը:
– Ոչ, պարոն, – ասաց պատվելին խորհրդավոր ձայնով և միևնույն ժամանակ մի թթու ժպիտ երևաց նրա թոշնած դեմքի վրա: – Այստեղ ուրիշ իմաստություն կա…
Ես իսկույն հիշեցի, թե ինչպես տեր Թոդիկը ստիպում էր մեզ սովորել, թե քանի անգամ կրկնվում է աստուծո անունը «Շնորհյայի» մեջ, և միշտ խոստանում էր բացատրել մեզ մի խորհրդավոր գաղտնիք, որ թաքնված էր այդ կրկնությունների մեջ: Բայց նա ոչինչ չբացատրեց մեզ: Այսպես էլ Սիմոն պատվելին մեզ չասաց, թե ինչ «իմաստություն» կար «Հավատամքի» այբուբենի թվերի մեջ:
Այնուհետև պատվելին առաջարկեց իր աշակերտներին զանազան այսպիսի հարցեր:
– Պետրո՛ս, այն ո՞վ էր, որ երկու անգամ ծնվեց, մի անգամ մեռավ:
– Հովնան մարգարեն, վարժապետ:
– Թորո՛ս, այն ո՞ր անասունն էր, որ մարդու լեզվով խոսեց և հրեշտակի ձեռքով սուր քաշեց:
– Բաղաամի էշը, վարժապետ:
– Մարտիրո՛ս, այն ո՞ր թռչունն էր, որին անիծեց Սողոմոն իմաստունը:
– Ճնճղուկը, վարժապետ:
– Ստեփա՛ն, այն ի՞նչ պտուղ էր, որ Ադամը կերավ, մերկացավ, Եվան կերավ, խենթացավ:
– Թուզը, վարժապետ:
– Տեսնո՞ւմ եք, պարոն, – պատվելին դարձավ դեպի Ասլանը, – ինչպես բլբուլի պես պատասխան են տալիս: – Այդ միջոցին թթու ժպիտը դարձյալ հայտնվեցավ նրա դեմքի վրա և կարմիր աչքերի կարմիր կոպերը խիստ ծիծաղելի անկյուններ կազմեցին: – Իմ աշակերտները ամբողջ աշխարհում գովված են, պարոն, այդ քաղաքի մեջ իմ աշակերտները առաջիններն են համարվում, պարոն, ոչ տերտեր կարող է նրանց հետ խոսել և ոչ վարդապետ. այնպիսի հարց կտան, որ կապված կմնան: Նորին սրբազնությունը հիացած է իմ աշակերտներով, ամիս չի անցնի, որ նորին սրբազնությունը ոտքը ներս չդնե իմ դպրոցի շեմքից: Ահա այդ թանաքամանը նորին սրբազնությունն է ընծայել ինձ, պարոն:
Վերջին խոսքերով պատվելին կամեցավ ուշադրություն դարձնել իր թանաքամանի վրա, այդ պատճառով ձեռքը տարավ դեպի ուռած փորը:
– Այլևս ի՞նչ են սովորում, – հարցրեց Ասլանը:
– Մինչև ճաշ ուսում են ստանում, սովորում են գրել, կարդալ և զանազան իմաստություններ, իսկ ճաշից հետո սովորում են քաղաքավարություն, մարդավարություն` այդպիսի բաներ:
Այս անգամ պատվելին, որ բոլոր խոսակցության ժամանակ մոռացել էր իր կարմիր քիթը, ձախ ձեռքի ցուցամատը տարավ դեպի ձախ կողմի պնչածակը և սկսեց քչփորել, կարծես այնտեղ մի բան նեղացնում էր նրան: Հետո, կամենալով քաղաքավարության մի քանի օրինակներ ցույց տալ, դիմեց աշակերտներից մեկին, ասելով.
– Ապա՛, Օհանիկ, պարոնին մեկ պատիվ տուր:
Աշակերտների միջից դուրս եկավ մի թզաչափ երեխա, կանգնեց Ասլանի առջև և, երկու ձեռքերը դնելով միմյանց վրա, փոքրիկ ափերը բաց արեց, մեկնեց դեպի Ասլանը: Բայց Ասլանը չգիտեր ի՞նչ անել: Պատվելին ժպտելով նկատեց, որ ձեռքը դնե աշակերտի ափի մեջ: Ասլանը կատարեց նրա պատվերը: Փոքրիկ Օհանիկը, նրա աջը երկու ափերի մեջ բռնած, նախ տարավ դեպի շրթունքը, համբուրեց, հետո տարավ դեպի ճակատը, դրեց գլխի վրա:
– Ապա՛, Ավագ, պարոնին գլուխ տո՛ւր, – պատվելին դարձավ դեպի մի այլ աշակերտ:
Բայց Ասլանը թույլ չտվեց, ասելով, որ չանհանգստացնե աշակերտներին: Այսպես, պատվելին աշխատում էր ցույց տալ իր սանիկների բոլոր մտավոր և բարոյական կարողությունը, որոնք, նրա կարծիքով, օրինակելի էին ամբողջ քաղաքում: Նա խնդրեց, որ աշակերտները զանազան տաղեր երգեին, ավելացնելով, որ բոլոր տաղերը գիտեն՝ «Վարդի ու բուլբուրի» տաղը, գինու տաղը, մեջլիսի տաղերը, մի խոսքով, բոլորը գիտեն:
– Հայոց պատմություն սովորո՞ւմ են, – հարցրեց Ասլանը:
– Ի՞նչ պետք է հայոց պատմությունը, – պատասխանեց պատվելին իր սովորական ժպիտով, – հայոց թագավորները բոլորն էլ կռապաշտ էին:
Ասլանը ոչինչ չպատասխանեց: Պատվելին, հավատացած լինելով, որ իր այցելուն շատ գոհ մնաց իր դպրոցից, վստահություն ունեցավ հարցնելու:
– Պարոն, կարծեմ դուք բժիշկ եք:
– Այո՛, բժիշկ եմ:
– Այդ իմ քիթը… մի խոսքով… շատ է նեղացնում ինձ… – Նա այժմ աջ ձեռքի ցուցամատը կոխեց աջ կողմի պնչածակի մեջ, սկսեց քչփորել:
Ասլանը նայեց նրա երեսին և ասաց.
– Քի՛չ օղի խմեցեք, և կլավանա ձեր քիթը:
Մենք դուրս եկանք դասատնից: Այդ ժամանակ միայն նկատեցինք դասատան դռան մի կողմում երկու պատժված աշակերտներ: Երկուսն էլ մերկ ծնկներով չոքեցրած էին մանր, սրածայր խիճերի վրա, երկուսն էլ ձեռքերով վեր էին բարձրացրել մի-մի հատ ամբողջ աղյուս: Մի այլ աշակերտ, ճիպոտը ձեռքին, կանգնած էր նրանց մոտ, հսկում էր, որ դատապարտյալները իրանց դիրքը չփոխեն:
Читать дальше