Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով: Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը… հիշում էի և իմ վշտալի մորը… հիշում էի որբ մնացած քույրերիս… հիշում էի և մեր ավերակ խրճիթը… որտեղից արտաքսեց մեր վաշխառու պարտատերը… «Ի՞նչ է այդ… – մտածում էի ես, – մի՞թե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը… մի՞թե նա միշտ պանդխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին… մի՞թե մի ճակատագրական անեծք հալածում է նրան հայրենի երկրից»… Պառավը, իր արտասուքը սրբելով, շարունակեց.
– Այդ տունը լիքն էր երեխաներով… լիքն էր մայրերով ու հայրերով… հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը, նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ: – Ամենքը ոչնչացան… ամենքը կորան… նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից…
Երեխան այժմ հեռացավ մոր անկողնից, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ: Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթովեց մի քանի խոսքեր: Դժբախտության զավակը խոսում էր… խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք… և, կարծես, իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին… մի՞թե միայն տանջվելու համար»…
Ասլանը համբուրեց երեխային, վերկացավ և, ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախծալի բնակարանից:
– «Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից»… – ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը: – Դա մի անհերքելի ճշմարտություն է: Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը: Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված: Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը օրըստօրե սպառվում է: Այդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը: Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց: Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են: Ահա, մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է: Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում: Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում, – նա ձեռքը մեկնեց դեպի Այգեստանի տները, – բնակվում են երկու ծայրահեղություններ. ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն: Շռայլում են հարստահարիչ մեծատունները, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները…
Այդպես խոսելով գնում էինք մենք, երբ ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ Փանոսը:
– Այն հիվանդը կապրի՞, – հարցրեց նա, մոտենալով Ասլանին:
– Կապրի, եթե ուտելու մի բան ունենա, – պատասխանեց Ասլանը վրդովված ձայնով:
– Այդ մասին ես հոգացել եմ… – ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով:
Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով: Վարպետը հարգանքով ողջունեց նրան և, երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ.
– Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է:
– Դա՞, այդ մուրացկա՞նը, – հարցրեց Ասլանը զարմանալով:
– Այո՛, այդ մուրացկանի նման մարդը:
– Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի:
Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց.
–Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ: Տեսար մի օր թուրքերը մի «շառ ու շուռ» հնարեցին և ինչ որ ունի, ձեռքիցը խլեցին:
– Ի՞նչպես կարելի է այդ, – հարցրի ես ոչ սակավ զարմանալով:
– Ինչո՞ւ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ: Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի: Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր: Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրանց բակումը ընկած մի թուրքի դիակ: Խեղճերին զրպարտեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից, և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ:
– Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել, – պատասխանեցի ես:
– Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է: Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին թե`մահմեդականի կնոջը ծուռն աչքով է նայել, երրորդին` թե իր տնում զենք և վառոդ է պահել, չորրորդին` թե քաղաքադռնից ձիով է ներս մտել և այլն:
Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն երևույթի վրա, որ նկատեցի առավոտյան. բոլոր հայերը էշով էին գնում բազար, ձի հեծնելը նրանց արգելված էր: Այս սովորությունը կար և Պարսկաստանում. ազնիվ անասունը` ձին, մահմեդականի համար էր, իսկ ստոր անասունը` ավանակը, քրիստոնյայի համար:
Читать дальше