1 ...6 7 8 10 11 12 ...29 Կար և մի ուրիշ բան: Մեր գավառում բնակվող զանազան մահմեդական ցեղերը, մանավանդ քրդերը, անհաստատաբնակ ժողովուրդ էին. գարնան սկզբից սկսած մինչև աշնան վերջը իրանց հոտերով և վրաններով թափառում էին լեռնային ամարանոցներում, և ձմեռը միայն վերադառնում էին իրանց տները: Թափառումների ժամանակ ամեն մի խումբ պետք է իր հետ զինագործ ունենար, որովհետև զենքը նրանց ամենահարկավոր գործիքն էր: Եվ այս մտքով ման էին ածում իրանց հետ զինագործի շարժական արհեստանոցներ: Իմ մեծ քեռու հինգ որդիներից չորսը մի քուրդ ցեղի վարպետներն էին և իրանց աշակերտներով շրջում էին նրանց հետ: Նրանք վերադառնում էին տուն ձմեռը, բերելով իրանց հետ բեռներով յուղ, պանիր, բուրդ և մեծաքանակությամբ ոչխարներ, կովեր, եզներ և այլն: Քրդերը վճարում էին այն մթերքներով, որ ստանում էին իրանց անասուններից:
Մյուս որդիների բացակայության ժամանակ մեծ քեռուս մոտ մնում էր միայն կրտսեր որդին: Ես, կարծես, հենց այս րոպեիս տեսնում եմ իմ աչքի առջև ծերունի արհեստավորին, նստած զնդանի առջև, կաշյա գոգնոցով, անդադար ուղղում էր քթի վրա դրած ահագին ակնոցները, և երկաթի կտորը ունելիքով բռնած, կամ խառտում է, կամ հղկում է և կամ փոքրիկ մուրճով ծեծում է: Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, – այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ…
Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը, – անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ…
Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները: Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ – մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում: Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ: Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա:
Մութ փոթորկային գիշեր էր: Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահագին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ: Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից: Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ:
Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բան: Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զգում, թե ինչ էր կատարվում դրսումը: Մարիամը և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին: Ես նստած էի վառարանի մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից: Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում: Այդ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն:
Դուռը սաստիկ զարկեցին: Մայրս չլսեց. ես գնացի բաց արի: Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինը և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած:
– Տո, Մարո, գետի՜նը մտնես, ո՞րտեղից եկար, – հարցրի ես:
Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով: Երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:
Читать дальше