1 ...8 9 10 12 13 14 ...29 Ինձ հետ Մարոյի հարաբերությունները նույնպես բարեկամական չէին. երբ ես բարկացնում էի, նա պատրաստ էր պատառոտել ինձ, բայց զգալով իր ուժի անհավասարությունը, միշտ սպառնում էր, թե «գիշերը, իմ քնած ժամանակը, նա կգա և կխեղդե ինձ»: Մարոն հաշտ էր միայն Մագթաղի հետ, որովհետև չափազանց փափուկ բնավորություն ունեցող Մագթաղը թեքվում էր նրա առջև և համարյա բոլորովին ենթարկված էր նրա ազդեցությանը: Այդ պատճառով Մագթաղի նույնպես ճերմակ երեսը և շեկ մազերը չէին բարկացնում նրան և չէին հիշեցնում, թե ինքը բոշայի դեմք ունի:
Մարոյի այն գիշեր բերած կապոցը այնպիսի սովորական բան էր, որ մենք առանց բաց անելու, գիտեինք նրա միջում ինչ կար: Դա որսի խորոված միս էր հացի հետ, որ երբեմն ուղարկում էր նրա հայրը, չնայելով, որ ինքն էլ ոչ սակավ աղքատության մեջ էր ապրում: Երբ Մարիամին հրավիրեցին ուտելու, նա հրաժարվեցավ, ասելով, թե ինքը քաղցած կմեռնի և այն «սև սատանայի» բերած ողորմությանը չի մոտենա: Բայց մայրս միշտ գոհությամբ էր ընդունում բարերար ձեռքի օժանդակությունը այն մարդից, որի հետ ամենևին ծանոթություն չուներ, որը մի անգամ ևս ոտքը ներս դրած չէր մեր շեմքից, թեև մեր ամենամոտ դրացին էր: Միայն Մարոն, որ հաճախ գտնվում էր մեր խրճիթում, պատմել էր իր հորը մեր թշվառ դրությունը, և նա համարյա ամեն գիշեր չէր դադարում ուղարկել իր տնում գտնվածից մեր բաժինը, և այնպես ծածուկ, որ ոչ ոք չէր հասկանում:
Մարոյի հորը կոչում էին Ավո – նրա իսկական անունը ես չգիտեի: Նա ահագին բարձրությամբ, մի վիթխարի տղամարդ էր, որ պարապում էր որսորդությունով: Ավոն մեր քաղաքի բնիկներից չէր, բայց մի քանի տարի առաջ, մի սաստիկ ձմեռնային եղանակում նա հայտնվեցավ մեր քաղաքում, բոլորովին միայնակ, որպես մի փախստական: Հետո փոքր առ փոքր կազմվեցավ նրա ընտանիքը: Այդ ընտանիքը շատ մեծ չէր, – ինքը` որսորդը, իր միակ զավակի` Մարոյի հետ – ահա բոլորը: Դրանց թվում գտնվում էին` մի մշտական ծառա Մըհե անունով, մի տնակալուչ կին, որին կոչում էին Խաթուն, և մի պատանի, որին կոչում էին Հասո: Այս վերջինը որսորդի որդեգիրն էր: Ո՞վքեր էին դրանք և ո՞րտեղից եկան – հայտնի չէր: Միայն մեր քաղաքում որսորդի մասին խոսվում էին շատ զարմանալի պատմություններ, իբր թե նա տաճկական Հայաստանի արևելյան կողմերիցն էր, թե նա իր հայրենիքում մի նշանավոր մարդ է եղել, թե նա շատ կռիվներ է ունեցել քրդերի հետ և իր գլխի մազերի համբարքով մարդիկ է սպանել և այլն: Ո՞րքան ստույգ էին այդ զրույցները, մենք չգիտեինք, մեզ այսքանը միայն հայտնի էր, որ Ավոն մի բարի մարդ էր և մեր ամենալավ դրացին, թեև ամենքն ատում էին նրան և խորշում էին նրանից, որպես մի սարսափելի եղեռնագործից:
Ճշմարիտ է, որ Ավոն իր միշտ լուռ, միշտ տխուր և ծածկամիտ բնավորությամբ մնաց ամենի համար որպես մի մթին հանելուկ: Նրա ճակատի վրա դրած խոր սպին իր ահավորությամբ մի առանձին արտահայտություն էր տալիս դեմքի խոշոր, միևնույն ժամանակ ավազակային գծագրությանը, որ հարուցանում էր նայողի մեջ ակամա երկյուղ և կասկած: Այսուամենայնիվ, նա շատ բարեսիրտ մարդ էր. ես, Մարիամը և Մագթաղը ամենևին չէինք վախենում նրանից: Երբ գնում էինք նրա տունը, նա առնում էր մեզ իր երկայն և ահագին ծնկների վրա, օրորում էր, և «պոչը կտրած մկան», «քոսոտ այծի» հեքիաթներն էր պատմում. մենք թուլանում էինք ծիծաղելուց: Մարոն չէր կարողանում համբերել, երբ տեսնում էր, որ իր հայրը Մարիամին նույնքան սիրում էր, որքան Մագթաղին և ինձ: – «Նա էլ քո քույրն է», ասում էր հայրը և խրատում էր նրան նախանձոտ չլինել: Ամեն անգամ, երբ մենք գնում էինք որսորդի տունը, նա անսահման զվարճություն էր պարգևում մեզ: Ավոն տալիս էր մեզ իր որսած թռչուններից, որը դեռ կենդանի էր մնացած. մենք կապում էինք նրա ոտը թելով և օրերով խաղ էինք անում նրա հետ:
– Ֆարհատ, – ասաց ինձ մի անգամ որսորդը, – դու շատ ես չարչարում թռչուններին, եթե այսպես կվարվես, ես մյուս անգամ քեզ ոչինչ չեմ տա –
Ես, սկսյալ փոքր հասակիցս, խոսքի ետևից ման եկողներից չէի. իսկույն պատասխանեցի.
– Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում:
– Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա, – ասաց նա ժպտելով, – վերջինը ավելի վատ է:
Ամեն անգամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու: Նա իր ծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից: Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափ խորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ: Երևակայեցեք ձեզ մի սամովար. որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղը ամբողջ է. – վիրապը մի այսպիսի ձև ուներ: Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի գեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունը ծածկվում էբ եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել: Գազաններր գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ:
Читать дальше