Անցան տարիներ, իմ մոր մասին տեղեկություն չկար: Նրա մայրը կսկիծից մեռավ, նա չկարողացավ տանել իր աղջկա ցավը: Մյուսները բոլորովին մոռացան նրան:
Հանկարծ հայտնվեցավ նա իր ամուսնի և երեք զավակների հետ: Այն ժամանակ միայն ստուգվեցավ, որ վերջին ենթադրությունը ուղիղ էր. արդարև, մայրս փախել էր իր սիրած տղամարդի հետ: Հասարակական կարծիքը սկսեց դատապարտել նրան: Նրան չներեցին հարազատ եղբայրները և մինչև անգամ հայրը, չնայելով, որ նա արդեն ամուսին էր և երեք զավակների մայր: Բայց ինչո՞վ էր մեղավոր հին հանցավորը, ինչո՞վ էին մեղավոր նրա զավակները. մի՞թե ծնողների հանցանքը տարածվում է որդիների վրա…
Իմ քեռիները զայրացան ավելի այն պատաճառով, երբ տեսան, որ իրանց քույրը ամուսնացել է մի տղամարդի հետ, որին ատում էին, որի ազգատոհմի հետ ժառանգական թշնամություն ունեին, և, որ ավելի գլխավորն է` աղքատ էր: Այսպիսի ամուսնությունները մոռանալ են տալիս հին ոխակալությունը և բառնում են հին վրեժխնդրությունը երկու տոհմերի միջից: Բայց մայրս չկարողացավ քավել այդ մեղքը, նրա ամուսնությունը չկարողացավ կապել թշնամի տոհմերին միմյանց հետ: Մորս հայրը անիծեց նրան, և նա այնուհետև չհամարձակվեցավ ոտք կոխել ծնողական տան շեմքի վրա, մինչև այն օրը, որ հորս մահը մի փոքր մեղմացրուց նրանց խստասրտությունը:
Այժմ պիտի խոսեմ այդ ցավալի մահվան մասին: Հայրս դիմելով դեպի պանդխտություն, նպատակ ուներ Կ. Պոլիս գնար, ուր այն ժամանակ լինում էին հայ գաղթականները: Նա պետք է անցկենար Էրզրումից: Այստեղ, մի օր, փողոցից անցկենալու ժամանակ, հանկարծ մի թուրք հարձակվում է նրա վրա, և իր դաշույնի մի հարվածով կտրում է նրա պարանոցը, և գլուխը մի կողմ գլորելով, ուրախությամբ գոչում է. – «Ես տա՜րա… ես տարա՜»… Թուրքերի բազմությունը հավաքվում է նրա շուրջը, հետաքրքրությամբ հարցնում են, թե ի՞նչը տարավ. – «ընկերիս հետ վիճում էինք, – պատասխանում է եղեռնագործը, – նա ասում էր, թե իմ դաշույնը ավելի սուր է. իսկ ես ասում էի, թե իմն է ավելի սուր: Վճռեցինք փորձել այդ գավուրի պարանոցի վրա, գրազ գալով, թե մեզանից ով որ մի հարվածով կկտրե պարանոցը, մյուսը պետք է պարտավորվի իր հաշվով հյուրասիրել նրան մի ֆինջան քաղցր ղահվեով և մի նարգիլեով: Այժմ ես տարա»: Բազմությունը գովաբանում է սրիկայի քաջությունը, ասելով` «մաշալլա… մաշալլա»… և հեռանում է: Իսկ սրիկան, իր ընկերի ձեռքից բռնելով, քարշ է տալիս դեպի ղահվետուն, որ ստանա խոստացած մրցանակը: Մի ամբողջ օր հորս դիակը մնում է հրապարակի վրա: Մուսուլմանները ծաղրելով են անցնում նրա մոտից, թե ո՜րքան թույլ է եղել «գավուրի» պարանոցը, որ մի հարվածից կտրվել է. իսկ ոմանք զարմանում էին սրիկայի բազկի զորության և նրա դաշույնի սրության վրա: Բայց տեղային հայերը, երկյուղից չէին համարձակվել ցերեկով մոտենալ նրան, և միայն գիշերով վեր էին առել դիակը ու թաղել:
Այդ սարսափելի եղեռնագործության լուրը խիստ սառնասրտությամբ ընդունվեցավ մեր կողմերում, որպես թե, սովորական անցքերի կարգից դուրս մի բան չլիներ: Մեր թշնամիները ուրախացան, իսկ մեր բարեկամները ավելորդ համարեցին տրտմել: Ավելի հասկացող մարդիկ այսպես էին բացատրում, թե աստված նրա ճակատին այնպես էր գրած, պետք է այս տեսակ մահով վախճանվեր: Իսկ իմ քեռիները ասում էին, թե աստված պատժեց նրան, որովհետև նա գողացել էր նրանց քրոջը հոր տանից, և մի այսպիսի մարդ չէր կարող բախտավոր լինել: Մի սիրող սիրտ միայն խորին կերպով խոցված էր, – դա իմ մոր սիրտն էր: Այդ ողորմելին մինչև մահ չկարողացավ մոռանալ թշվառ ամուսնի կսկիծը: Ես և իմ քույրերս ոչինչ չէինք հասկանում. մենք միայն անգիտակցաբար լաց էինք լինում, երբ տեսնում էինք, որ մեր մայրը լաց էր լինում: Բայց երբ ես մեծացա, այն ժամանակ միայն հասկացա բոլորը, և դառն վրեժխնդրությունը, իմ հասակի հետ, սկսեց փոքր առ փոքր աճել…
Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանալ, թե ի՞նչ բան է բարբարոսությունը: Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը: Բայց հայ մարդը – գավուրը – ավելի ստոր էր այդ անասուններից: Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ…
Իմ քեռիները արհեստով զինագործ էին. այդ արհեստը ժառանգաբար անցել էր նրանց տոհմի մեջ, և հարյուրավոր տարիների ընթացքում զարգացել և բավական կատարելագործվել էր: Պարսկաստանում, ինչպես և Տաճկաստանում, առհասարակ բոլոր զինագործները հայեր էին. նրանք զենք էին պատրաստում իրանց թշնամիների համար, որոնք թեև շինելը չէին իմանում, բայց գործ ածելու մեջ շատ հմուտ էին: Ես միշտ մի առանձին բարկությամբ էի մտածում այն աղետալի անցքի մասին, թե անպատճառ մի հայ արհեստավորի ձեռքով պետք է շինված լինեին այն դաշույնները, որոնցով փորձ փորձեցին իմ հոր պարանոցի վրա:
Իմ քեռիները մեր գավառի նշանավոր զինագործներն էին, այդ պատճառով նրանց արհեստանոցը ամբողջ տարի միշտ գործ և աշխատություն ուներ: Արհեստանոցը զետեղված էր տան գլխավոր մուտքի գավիթում և բաժանվում էր կանանոցից առանձին բակով: Այստեղ միշտ կարելի էր տեսնել մի խառնիճաղանջ բազմություն, բաղկացած պարսիկներից, թուրքերից և քրդերից, որոնք բերել էին իրենց զենքերը շինել տալու: Հեռու կամ օտար երկրներից եկողները այնտեղ մնում էին օրերով և շաբաթներով մինչև կպատրաստվեին նրանց զենքերը: Այս վերջիններից շատերը կերակրվում էին քեռիներիս սեղանից և մինչև անգամ փող չէին վճարում նրանց աշխատության համար: Ես փոքր ժամանակս չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ուներ այդ նահապետական հյուրասիրությունը` համ ձրի աշխատել, համ կերակրել, համ փող չստանալ: Հետո հասկացա, որ այդ հյուրասիրությունը ցույց էին տալիս ոչ բոլորին, այլ նշանավոր անձնավորություններին միայն: Խաների, բեկերի, սեիդների, շեյխերի և զանազան քուրդ ցեղապետների համար աշխատում էին ձրի: Դրանք մահմեդական ժողովրդի առաջնորդներն էին, դրանց պետք էր քաղաքավարի կերպով կաշառել, դրանց բարեսրտությունը պետք էր գրավել, որպեսզի կարելի լիներ դրանց շնորհիվ հասարակ մահկանացուներից վարձատրություն ստանալ: Հակառակ դեպքում անհնար էր գործել, առաջնորդները կարող էին հրամայել, որ բոլորովին ձրի աշխատեցնեն արհեստավորներին կամ զանազան շառեր կսարքեին: Իսկ այժմ ոչ մի թուրք, ոչ մի պարսիկ, և ոչ մի քուրդ չէր համարձակվում իր վճարը չհատուցանել, որովհետև գիտեր, որ պետերը հարգում են, պաշտպանում են վարպետ Բաբային. այսպես էր իմ մեծ քեռու անունը:
Читать дальше