Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.
– Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. – «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»… Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ… խա՜… խա՜… խա՜… – Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի…
Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.
– Խմի՛ր:
– Այսքանը չեմ կարող խմել, – պատասխանեցի ես հրաժարվելով:
– Խմի՛ր, կսովորես… – ասաց նա ժպտելով:
Ես դարձյալ հրաժարվեցա:
– Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի. – մեջ մտավ Սագոն, – բայց հիմա՞…
– Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են… – վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր:
Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը. այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի:
Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր:
Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ: Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի, – ես չկարողացա գիտենալ. միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը: Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն:
Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ: Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով:
Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով: Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության: Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր: Սագոն չէր դադարում անընդհատ շատա-խոսելուց. նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել: Կարոն հանդարտ էր, որպես միշտ. բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշոր գծագրություն էր ստացել, ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից: Երկու երիտասարդները, կարծես, չէին խոսում, այլ արձակում էին մի տեսակ վայրենի հնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին: Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեն:
Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ի՞նչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը հաղթեց բոլորին: Այժմ խոսակցությունը սկսեց մեղմանալ և կրկին բոլորը հանգստացան: Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա: Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով…
Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:
Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, – ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը – հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:
Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:
Читать дальше