– Է՜յ, ի՞նչ ես անում:
Մի կողմից գիշերային մթությունը, մյուս կողմից իմ խռովությունը, թույլ չտվին իսկույն ճանաչել նրան, բայց ինձ երևաց, որ ձայնը բոլորովին ծանոթ էր:
– Ֆարհատ, չե՞ս ճանաչում ինձ…
– Ա՜խ, Կարո, սիրելի՜ ընկեր, մի՞թե դու ես… Չէ՛, չէ՛, դու Կարոն չես… Որտեղի՞ց եկար… ո՞ւր էիր… քեզ համար ասում էին…
Այսպես, իմ շփոթության մեջ, սկսեցի հարցնել հին բարեկամիս, որ գրկելով ինձ, խուլ ձայնով պատասխանեց.
– Ես եմ, ես Կարոն եմ…
Իմ ուրախությանը չափ չկար. ես երեխայի նման քարշ ընկա նրա պարանոցից, համբուրում էի կարոտալի աչքերը, համբուրում էի երեսը, ձեռքերը և երկար չէի բաժանվում նրանից: Ես պատմեցի այն ավուր անցքը, իմ բանտարկությունը, իմ փախուստը և հայտնեցի, թե ո՛րպիսի դիտավորություն բերեց ինձ գետի ափի մոտ: Նա սկսեց ծիծաղել իմ միամտության վրա, ասելով.
– Խելքդ կորցրե՞լ ես, ինչ է:
– Ապա ի՞նչ անեմ, – հարցրի ես:
– Գցի՛ր գետը այդ սատանայի կծիկը: – Պրծավ գնաց…
Նա ցույց տվեց Դանիելի գրքի վրա, որը, չգիտեմ ինչպես էր պատահել, առել էի ինձ հետ: Ես առանց մտածելու, գիրքը նետեցի գետի մեջ, ինձ այնպես երևաց, թե նրա հետ սրտիս բոլոր տանջանքները խորասուզվեցան սառն ալիքների մեջ…
– Դե՛, շատ լավ, – ասաց նա: – Հիմա գնանք:
Ես հետևեցի նրան, ամենևին չհարցնելով, թե ուր է տանում ինձ:
Լուսնի եղջյուրը երևեցավ հորիզոնի ծայրից, և գիշերի թանձր խավարը փոքր-ինչ պարզվեցավ: Օդը իր հովասուն սառնությամբ բավականին կազդուրեց իմ բորբոքված գլուխը: Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Այժմ ինձ այնքան լավ էի զգում, կարծես, ոչինչ չէր պատահել ինձ հետ:
Կարոն տասն և երկու տարի առաջ թողեց մեր դպրոցը և այնուհետև անհայտացավ: Նա դուրս եկավ մեր դպրոցից, առանց մի այբի կտոր անգամ իր հետ տանելու: Իսկ այդ տասն և երկու տարվա ընթացքում ո՜րքան փոխվել էր նա: Լղարիկ, փոքրիկ, վատառողջ Կարոն այժմ աճել, հասունացել, հսկայական ձև էր ստացել: Նրա համարձակ ընթացքը, հանդուգն կերպարանքն արտահայտում էին վեհություն, ուժ և անձնավստահություն: Կարոն չորս տարով միայն մեծ էր ինձանից, բայց ես, թեև բավական բարձր էի հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին: Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով: Արևից այրված երեսը ստացել էր մուգ-դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ: Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելի խոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել:
Ճանապարհին նա խիստ սակավ խոսեց ինձ հետ. մի անգամ միայն հարցրեց. «Մի՞թե դեռ, կենդանի է այն հրեշը»… Այդ հարցմունքը մեր վարժապետի, տեր Թոդիկի մասին էր: Երբ ես սկսեցի նկարագրել դպրոցի դրությունը, նա ինձ չէր լսում, իմ պատմությունը նրան չէր հետաքրքրում, կարծես նա բոլորը գիտեր: Եվ իրավ, ի՞նչ էր փոխվել տասն և երկու տարվա ընթացքում, որ նրան հետաքրքիր լիներ, – բոլորը նույնն էր…
Ինձ հանդիպելը, որ սկզբում այնքան ուրախություն ազդեց Կարոյի մեջ, երևում էր, հետո պատճառ տվեց խորին տխրության: Նրա մտահույզ լռությունն ինձ առիթ էր տալիս այսպես կարծել: Բայց ո՛չ, ես սխալվում էի, Կարոն նույն ժամուն բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում և իմ ներկայությունը կարծես թե նրան նկատելի չէր: Նա մոռացավ ինձ… Ինձ խիստ անախորժ թվեց այդ սառնասրտությունը նրա կողմից, և ես չկարողանալով համբերել, հարցրի.
– Ո՞ւր ենք գնում:
– Ա՜խ, մոռացա ասել… քեզ հիմա կտանեմ մի տեղ, ուր կտեսնես քո երկու հին ընկերներին: Դու խո չե՞ս մոռացել Ասլանին և Սագոյին:
– Ասլանին և Սագոյի՜ն… – բացականչեցի ես, չկարողանալով զսպել իմ ուրախությունը, որ այնքան օտարոտի էր երևում, համեմատելով իմ ուղեկցի սառնասրտության հետ: – Ո՞րտեղ են նրանք, շուտո՞վ կտեսնեմ:
– Շուտով, – պատասխանեց նա, շարունակելով իր ընթացքը:
Գիշերը լուսնկա էր: Ես պարզ որոշում էի շրջապատող առարկաները. քաղաքը բավական հեռու մնացել էր մեր ետևից: Խոսրովիո այգիները, գիշերային մառախուղի մեջ, երևում էին ծածկված արծաթի քողով, որպես թե մրափում էին խորին անշարժությամբ: Խիստ ախորժ կերպով լսելի էր լինում առվակների խոխոջմունքը, որոնք հոսում էին կանաչ արտերի մոտով: Օդը, տոգորված բուսականների անուշահոտությամբ, ծավալվում էր իր թարմ, խոնավ արտաշնչության մեջ:
Մենք շարունակում էինք ճանապարհը միևնույն ուղղությամբ: Ինձ տակավին հայտնի չէր, թե ուր էինք գնում: Հանկարծ Կարոն ընդհատեց մեր մեջ տիրող լռությունը և դարձավ դեպ ինձ այդ խոսքերով.
– Ֆարհատ, գիտե՞ս ինչ կա. ևս չէի ցանկանա, որ իմ ծանոթներից մեկը տեսներ ինձ, բայց դեպքը այնպես բերեց, որ մենք հանդիպեցինք մեկմեկու. ես հուսով եմ, որ մեր հանդիպումը կմնա որպես գաղտնիք:
– Ես չի՞ պիտի գիտենամ պատճառը:
– Այժմ ոչ. հետո ինքդ կհասկանաս… քանի օրից հետո…
– Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու:
– Հա, այդպես, ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ…
Читать дальше