Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:
Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:
Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:
Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:
Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»… Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից…
Մի անգամ Կարոն ասաց մեզ.
– Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:
Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:
– Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք:
– Ինչո՞վ, – հարցրեց մեկը:
– Առաջ մեր մուշտիներով, – ասաց Կարոն, – իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով:
Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք` ես, Ասլանը և Սագոն:
Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի: Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով: Այսպես սկսեցինք առաջ գնալ: Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ «հիմարությունը»…
Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը: – Դա կռվի հրավերքն էր:
– Տղերք, – ասաց Կարոն, – չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք…
Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:
– Թողեք, որ անցնենք, – ասաց Կարոն:
– Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, – ասաց նրանցից մեկը:
– Ոչինչ չեք ստանա, – պատասխանեց Կարոն:
Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները…
Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:
Читать дальше