Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից: Կարոն սաստիկ ատում էր նրան. օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին: Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ: Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց…
Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու. այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը: Մենք քարե արձանների նման նստած էինք: Խալֆան երկար ճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում: Տիրում էր գերեզմանական լռություն. ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում: Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.
– Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա:
Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը:
– Չոքի՛ր, – գոռաց խալֆան, ցույց տալով անկյունը:
Ես պատրաստվեցա կատարել հրամանը:
– Դու չե՜ս չոքի, Ֆարհատ, – ասաց Կարոն:
– Ինչո՛ւ, – հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով:
– Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի, – պատասխանեց Կարոն:
– Ուրեմն, երկուսդ չոքեցեք, – ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով:
– Ոչ ես կչոքեմ, ոչ` նա, – պատասխանեց Կարոն վրդովված ձայնով:
Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով. – դրանք նրա կատաղության նշաններն էին: Չգիտեմ, վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանի պտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին… Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ…Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա Կարոն ասաց.
– Տե՛ս, ես այստեղ կչոքեմ…
Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց:
Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ…
Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական կյանք: Շատերը նրան համարում էին ցնորված: Լինում էր, շատ անգամ Կարոյի տատը, բոլորովին հուսահատ, բոլորովին շվարած, մութ գիշերային պահուն, գալիս էր ինձ մոտ. – «Ֆարհատ, էլի չէ երևում նա»… ասում էր խեղճ պառավը և թափում էր աչքերից ջերմ արտասուքը:
Ես գնում էի որոնելու նրան: Ո՞րտեղ ասես չէի պտռում, և գտնում էի շատ անգամ պառկած բարձր, սարսափելի քարաժայռի վրա, և կամ լուռ մտախոհության մեջ, նստած հեղեղատի ափի մոտ, հափշտակված էր լինում, աստված գիտե, ո՛րպիսի ցնորքներով…
Ի՞նչ էր նրա դարդը, ի՞նչ էր, որ դուրս էր հալածում անբախտ պատանուն մարդկային բնակությունից: – Ես չգիտեի, միայն նկատում էի, որ նա տանջվում էր ներքին, հոգեկան անհանգստությամբ, և կարծես, իր վշտերը մոռացության տալու համար փախչում էր դեպի սարերը, դաշտերը, անտառները, – առանձնություն և ամայություն էր որոնում:
Ես նրանից չէի հարցնում պատճառը, որովհետև գիտեի նրա բնավորությունը, մի բան որ նա ինքը հայտնել չէր ուզում, եթե հարցնեիր, իսկույն կսկսեր բարկանալ: Ես հարցրի Ասլանից: Նա Ասլանին ինձանից ավելի խելացի էր համարում և շատ բաների մեջ նրա հետ խորհուրդ էր անում: Բայց Ասլանի հաղորդած տեղեկությունները այնքան մթին էին, որ կարոտ էին առանձին բացատրության:
– Ես էլ չգիտեմ, – ասաց Ասլանը, – թե ինչ սատանա է մտել նրա սրտի մեջ. սիրահարված լինել նա չէր կարող, որովհետև այդ հասակում սերը ջահիլ տղին չէ գժվացնում:
Հետո նա պատմեց, թե սուրբ Հովհաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այն օրից) Կարոն էլ ուխտավորների թվումն էր: Այնտեղ հավաքվել էին Սալմաստա ամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս: Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր: Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրանց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ: Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց. ըմբիշների մեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր. մուշտեկռիվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից. վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազ էր, մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ: Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսորդ Ավոյի ուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ ճաշ ուտելու: Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ, կասկածավոր մարդիկ: Կարոն նրանց մեջ չափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս: Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին սուրբ Հովհաննես ուխտ էին գնացած: – Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը և ավելացրեց.
Читать дальше