Վարպետ Փանոսը, եզրից բարի ճանապարհ մաղթելով, Ծովիկի հետ վերադարձավ դեպի գյուղը: Նավակը սկսեց լողալ: Նրա մեջ տարածված էր մի փոքրիկ գորգ, որի վրա նստեցինք ես ու Ասլանը:
Ծովը հանդարտ էր: Նավակը լողում էր առանց օրորվելու: Առաջին անգամն էր, որ ես ծովային ճանապարհորդություն էի անում, և իմ ուրախությանը չափ չկար: Ասլանը նույնպես լավ տրամադրության մեջ էր երևում, բայց լուռ էր: Նա գտնվում էր մի տեսակ հափշտակության մեջ: Անտարակույս, ծովային սքանչելի առավոտը չէր, որ իր գեղեցիկ տեսարաններով նրա ուշադրությունը գրավեր: Ո՞վ գիտե, ի՛նչ բանի վրա էր մտածում նա: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որ նրա մշտական ցնորքն էր, որի մասին շատ անգամ խոսացել էր ինձ հետ, թե պետք է արդյունավոր կացուցանել ջրային այդ մեծ ավազանը և, զարգացնելով նրա վրա կանոնավոր նավագնացությունը, պետք է ավելի սերտ կապերով միացնել շրջակա գավառների հարաբերությունները: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որը ինձ բոլորովին անկարելի էր թվում, թե պետք է մի ջրանցք բաց անել և, սկսելով այդ ծովի արևմտյան ափերից, հասցնել մինչև Եփրատ (Արածանի) գետը, որը ճեղքելով անցնում է Մուշի ամբողջ դաշտի երկարությամբ և, վերջը խառնվելով Տիգրիսի հետ, թափվում է Պարսից ծոցը: Այսպիսով մի ճանապարհ կբացվեր Հայաստանի սրտից, որը, Արաբական ծովի և Հնդկական օվկիանոսի միջնորդությամբ կկապեր այդ սիրտը Հնդկաստանի հարուստ հայ գաղթականության հետ: Ի՞նչ էր մտածում նա, ես չգիտեմ և անկարող էի գիտենալ: Այսքանը միայն ինձ հայտնի էր, որ նա մանր բաների վրա մտածելու սովորություն չուներ: Ինձ հայտնի էր և այն, որպես նախընթաց օրը խոսեց սրբազնության` առաջնորդի հետ և նրանից հանձնարարական թուղթ ստացավ, նա գնում էր Կտուց անապատը` այդ կղզու մեջ պահված մագաղաթները հետազոտելու համար: Արդյո՞ք այդ ևս մի պատրվակ չէր, որի մեջ թաքնված էին այլ նպատակներ…
Ես էլ լուռ էի, բայց ես ջրանցքի, նավագնացության և ծովի վրա չէի մտածում. իմ մտածությունները շատ անմեղ էին, ես մտածում էի միայն Ծովիկի վրա: Մտաբերում էի, թե ինչպես նա միջօրեի սաստիկ տոթի Ժամանակ, ծառերի ճյուղերի վրա բարձրացած, նախշում էր խնձորները, մտաբերում էի, թե ինչպես գիշերային լռության ժամանակ, լսելով մոր ձայնը, նա ցած իջավ կտուրից, տարավ, հանգստացրեց դժբախտ մորը, մտաբերում էի, թե ինչպես առավոտյան, երբ մարդիկ դեռ նոր էին զարթել, իսկ նա վերադառնում էր հեռավոր աղբյուրից, մտաբերում էի նրա սրտագին խոսակցությունը, և վերջապես` կոտրած սանդրը… և ամաչում էի Ասլանից, հանել այդ թանկագին հիշատակը, նայել, երկա՜ր նայել նրա վրա… Այդ բոլոր հիշողությունները, որոնց մեջ փայլում էր կայտառ աղջկա սիրտն ու հոգին, պատկերացնում էի իմ մտքի մեջ, և համեմատություն էի անում նրա, Մարոյի և Սոնայի մեջ…
Այդ համեմատությունը երկար զբաղեցրեց ինձ, մինչև հեռվից, նուրբ մշուշի մեջ, նշմարեցի Կտուց կղզին: Սկսյալ երեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ էի լսել այդ կղզու անապատականների մասին, որ ցանկանում էի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար օրհնությունը: Լսել էի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում էին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում էին, և նրանք նստում էին փիլոնի վրա, որը, որպես մի ամրակազմ լաստափայտ, լողում էր ջրի երեսին և տանում էր սուրբ հայրերին, որտեղ որ նրանք ցանկանում էին: Լսել էի, թե ինչպես նրանք մոտենում էին իրանց կղզու ափերին, կանչում էին, և ձկները, նրանց ձայնը լսելով, ուրախ-ուրախ վազում էին դեպի եզրը, և նրանք ձեռքերը մեկնում, բռնում էին ձկներին, նայում էին նրանց վրա, զվարճանամ էին և կրկին թողնում էին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու: Վերջապես, ի՜նչ հրաշալիք ասես չէի լսել նրանց մասին և, այդ բոլորը մտաբերելով, իմ սիրտը լցվում էր սրբազան ջերմեռանդությամբ, և ես ինձ անչափ երջանիկ էի համարում, որ պիտի տեսնեմ սուրբ հայրերին:
Նավաստին, երևի, ոչ մի բանի վրա չէր մտածում, նա նիրհում էր: Թիկն տված նավակի կողքին, պառկել էր նա և երբեմն, քնի միջից, մեքենաբար շարժում էր թիակը, որ ձեռքից բաց չէր թողել: Հնազանդ նավակը գիտեր իր գործը, գնում էր նույն ուղղությամբ, որ սկզբից նրա տերը նախագծել էր նրա համար: Ծովը խաղաղ էր:
Բայց խաղաղությունը երկար չտևեց: Հարավային քամին, որ սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկացավ: Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել: Նավաստին չէր նկատում այդ փոփոխությունը, նա, դեռ աչքերը խփած, շարժում էր ձեռքերը, որպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կես-գիշերին, մեքենաբար շարժում է անհանգիստ երեխայի օրորոցը: Ասլանը առեց թիակը նրանից և հմուտ ձեռքով սկսեց ինքը թիավարել: Նավաստին ոչինչ չզգաց:
Ալիքները այն աստիճան բարձրացան, որ ջուրը այժմ սկսել էր ցայտել նավակի մեջ: Նավաստին զարթնեց: Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից: Նա զարմացած նայեց իր շուրջը: Նեբրովթ և Գրգուռ լեռների գագաթների վրա երևում էին մոխրագույն ամպեր: Մշուշը պատել էր այն կողմը, որը, հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք էր ստանում: Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի գույնով շրթունքները հեգնաբար ետ քաշվեցան և երևան հանեցին նրա խոշոր, սպիտակ ատամները:
Читать дальше