Ջերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով. ինձ վիճակված էր լռել դժբախտ կնոջ աղետավոր պատմությունը: Ասլանը զբաղված էր հյուսնի արհեստանոցում, նավաստին և վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին: Չնայելով այդ բոլորին, առավոտյան ստիպված էինք խիստ վաղ վերկենալ, որովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը գնալ:
Աղոթարանը դեռ նոր էր սկսել պարզվիլ, դեռ առաջին անգամ լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի անհամբեր հրավերը, երբ նավաստիի որոտալից ձայնը զարթեցրեց ինձ: Նրա ձայնը զարթեցրեց և Ասլանին: Վարպետ Փանոսը դեռ խռմփում էր:
Նավաստիի կոպտությունը բավական վրդովեցրեց ինձ, տրտնջալով հագնվեցա և գյուղական սովորությամբ դուրս եկա փողոցը, այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ երեսս լվանալու: Բայց իմ տրտունջը իսկույն անտեղի երևաց, երբ տեսա, որ ամբողջ գյուղը ոտքի վրա էր: Ծերերը, պառավները գնում էին եկեղեցին աղոթելու, իսկ երիտասարդները դեպի իրանց դաշտային աշխատությունները: Ես տեսա և Ծովիկին, որ, սափորը ուսին` վերադառնում էր աղբյուրից:
– Ես կարծեցի, որ գու գնացել ես, և շտապեցի… – ասաց նա, կանգնելով իմ մոտ:
– Առանց քեզ մնաք բարով ասելու չէի գնալ, – պատասխանեցի ես, ինքս ավելի կարմրելով ամոթխածությունից, քան թե նա:
Նա ծիծաղեց:
– Այդ ջուրը ո՞րտեղից ես բերում, – փոխեցի խոսքս:
– Հեռվից, շատ հեռվից, տե՛ս, այն բլուրի մոտից:
Նա ձեռքը մեկնեց դեպի բլուրը, որ մռայլի միջից ամենևին չէր երևում:
– Այս տարի, ասում են, շոգերի պատճառով, աղբյուրի ջուրը շատ պակասել է, – շարունակեց նա դատող մարդու եղանակով, – այնքան պակասել է, համարյա թե կաթկաթում է: Պետք է սափորը դնել լուլայի տակին և սպասել, երկար սպասել, մինչև լցվի: Այդ անզգամ աղջիկները մեկմեկու ծամեր փետում են, չեն էլ սպասում մինչև հերթը իրանց հասնի: Այսօր քիչ էր մնում, որ մեկի հետ կռվեինք:
Ավանց գյուղի և առհասարակ Վանա շրջակա տափարակների հողը, տոգորված լինելով ծովային ջրով, պարունակում է իր մեջ շատ աղեր, որոնց պատճառով աղբյուրների ջրերը անախորժ համ ունեն, թեև ժողովուրդը գործ է ածում: Բայց լեռներից և բլուրներից բխող աղբյուրները սքանչելի են: Այդ էր պատճառը Ծովիկի այնքան հեռու գնալուն, որ մաքուր ջուր բերե, մանավանդ որ տանը հյուրեր կային:
Ծովիկը, որպես նկատում էի, դժվարանում էր իմ մոտից հեռանալ, ծանր սափորը ուսին կանգնած էր և խոսում էր ու խոսում, հարցնում էր, թե որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, հարցնում էր, թե ես քանի քույր ունեմ, քանի եղբայր ունեմ, հարցնում էր, թե ես տուն վերադառնալու ժամանակ ինչ ընծաներ պիտի տանեմ քույրերիս համար և այլն: Տեսնելով հետաքրքիր աղջկա հարցերը վերջ չունեն, ասացի նրան.
– Դու շատ հեռվիցն ես գալիս, Ծովիկ, բավական հոգնած կլինես, գնա տուն:
– Հոգնա՞ծ, – կրկնեց նա վիրավորվածի նման, – ես պետք է նորից վերադառնամ, այդ մեկ սափորը բավական չէ: – Նա իր շալակը ցած դրեց:
Ես երեսս լվացել, վերջացրել էի, այժմ սանդրվում էի:
– Տեսնեմ այդ սանդրը, – ասաց նա, ձեռքը մեկնելով:
Այդ սանդրը ընծայել էր ինձ ընկերներիցս մեկը, կիսալուսնի ձև ուներ և շինված էր գոմեշի սև եղջյուրից: Ծովիկը հիացմունքով նայում էր նրա վրա և անդադար շրջշրջում էր իր մանրիկ ձեռքերի մեջ:
– Հավանո՞ւմ ես:
– Շա՜տ սիրուն է:
– Ա՛ռ, թող քեզ լինի:
– Բայց դու առանց սանդրի կմնաս:
– Քաղաքումը մի ուրիշը կգնեմ:
– Չէ, լավ կլինի, որ փոխենք իմ սանդրի հետ:
– Շատ լավ կլինի:
– Բայց իմը կոտրած է, անշնորհք է:
– Թող կոտրած լինի, բայց քո սանդրը ինձ համար շատ…
Նա թույլ չտվեց ինձ խոսքս վերջացնել, տվեց ինձ իր սանդրը, գլուխը բարեկամաբար շարժելով ժպտաց, վեր առեց սափորը և վազեց դեպի տուն:
Պատանու և աղջկա մեջ այսպիսի փոխարինությունը կարող էր բոլորովին այլ նշանակություն ունենալ, բայց պարզամիտ Ծովիկը չհասկացավ. նա միայն ուրախ էր, որ գոհացրեց ինձ և ինքը գոհ մնաց:
Ծովիկը մի զարմանալի աղջիկ էր երևում ինձ: Որքան արդյունավոր կարող էր լինել, եթե գյուղական աղջկա այդքան աշխույժը, այդքան կենդանությունը գործ դրվեր ուրիշ, ավելի օգտավետ կրթությունների մեջ: Մի այդպիսի խելացի աղջիկը կարող էր հրաշքներ գործել:
Երբ ես վերադարձա սրահը, բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու: Ասլանը մի քանի րոպեով մտավ այն սենյակը, որտեղ գտնվում էր հիվանդը և մեզ սպասել տվեց:
Մենք եկանք նավահանգիստը այն ժամանակ, երբ բավական լուսացել էր, և աղոթարանը սկսել էր շառագունել: Նավաստին մոտեցավ ցցին, որից կապված էր նրա նավակը և, բռնելով պարանից՝ կոչեց.
– Դե՜, մոտ եկ:
Նա այնպես էր կանչում իր նավակին, որպես ձիապանը իր սնուցած նժույգին: Նավակը մոտեցավ եզրին: Նա մի ոստյունով ցատկեց նավակի մեջ, որը բավական հեռու էր կանգնած: Հետո ձայն տվեց Ծովիկին.
– Դե՛, դու էլ:
Մանկահասակ աղջիկը, հոր օրինակին հետևելով, նույնպես ցատկեց նավակի մեջ և տեղավորեց այնտեղ մեր նախաճաշիկի համար պատրաստած պաշարը. տապակած հավեր, պանիր, սպիտակ լավաշներ և մի շիշ գինի: Ասլանը նույնպես անցավ, բայց ես փայտի նման կանգնած մնացի ափի վրա: Ինձ համար տախտակ դրեցին, վրայից անցա: Կարո՞ղ եք երևակայել իմ ամոթը, իմ քրտինքը Ծովիկի առջև:
Читать дальше