– Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել, – ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում: – Մոտ եկ, տեսնեմ:
Ես մոտեցա: Նա սկսեց քննել իմ կոկորդը:
– Փոքր-ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի, – ասաց նա, տալով ինձ մի ինչ-որ հեղուկ և մի օծանելիք, և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը` դրսից քսեմ:
– Այդ քաղաքում բժշկությունը նախ իմ վրա փորձիր, – նկատեցի ես ծիծաղելով:
– Ո՛չ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս, պատասխանեց նա իր սովորական սառնությամբ, – բայց խեղճը հազիվ թե կապրի:
Նա վեր առեց իր եվրոպական լայնեզր գլխարկը և հեռացավ՝ պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ: Ես մնացի սենյակի մեջ միայնակ:
Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ` նա կգար ինձ տեսնելու: Որդու փոխարեն եկավ մայրը: Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով: Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա:
Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.
Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա: Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուփ տամ, աստծո շնորհիվ կլավանա: Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ:
Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ: Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Բայց նա դարձյալ չհանգստացավ` զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում:
– Այսուամենայնիվ, – վերջացրեց նա իր խրատները, – զգուշությունը լավ բան է, – և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը:
Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա: Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ: Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը:
Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը: Նրա երեխաները (մինը տղա, մյուսը աղջիկ) մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին: Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին: Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր: Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին: Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու: Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ:
Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց: Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով, երեսը չծածկեց: Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը` մարջանի խոշոր շարքերով: Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին: Ժիր տան տիկնոջ հատուկ սովորությամբ` նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները: Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին:
– Ինչո՞ւ չես խոսում, – հարսին իրավունք տվեց պառավ սկեսուրը, – դա էլ քո եղբայրն է:
Հարսի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը: Բայց ես, կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորհք չունեի: Որոնում էի մի բան` ասելու համար: Երեխաների տրտունջը ազատեց ինձ, նյութ տվեց իմ խոսակցությանը: Ես հարցրի.
– Ինչո՞ւ են տրտնջում դրանք:
– Ուզում են եղբոր հետ գնալ:
– Կարդալո՞ւ:
– Ինչ կարդացող պտուղներ են. կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ:
– Ո՞վ է վարժապետը:
– Տեր Եղիշեն:
– Նա դպրոց ունի՞:
– Ուներ, բայց փակեցին… Այժմ այնպես, իմ որդու և մի քանի բարեկամների մանուկների հետ օրեկան մի քանի ժամ պարապվում է:
Իմ խոսակցության պաշարը սպառվեցավ: Մտածեցի հարցնել երեխաների անուները:
– Ի՞նչպես է մեծի անունը:
– Հայկ:
– Փոքրի՞նը:
– Արամ:
– Իսկ այդ սիրուն աղջկա՞ նը:
– Շամիրամ:
– Պատմական անուններ են, – նկատեցի ես, ինքս էլ զարմանալով եմ գյուտի վրա:
– Թագավորների անուններ են, – ավելացրեց պառավը: – Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ո՞վ էր իր անվան տերը:
Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր: Առավոտ էր. տնային գործերը կոչում էին նրան: Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց, որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ:
Читать дальше