Բայց նա գնաց, էլ չվերադարձավ…
Տարի չանցավ, հորս մահվան լուրը մեզ հասավ: Այդ ցավալի մահը, որի մանրամասնությունները ես կպատմեմ հետո, ամենասաստիկ ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա: Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու: Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն – մեր ահագին շունը և Նազլուն-տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից:
Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:
Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, – այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:
Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը: Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը: Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը: Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբաբոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն: Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը: Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխանների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն: – Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր: Պարսպաձև ժայռի հարթած մակերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով: Մեկին գերի էին տանում: Նա թագավոր էր: Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը: Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշականյաց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին: Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»…
Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ: Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ, ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը, մշակված աշխատասեր ձեռքով, խոստանում են առատ հունձք. – տեսնում է` ցորյանը, գարին, բրինձը, բամբակը և ընդեղենների ամեն տեսակները, իրանց բեղմնավորությամբ ներկայացնում են խիստ գոհացուցիչ առատություն. տեսնում է` մրգաբեր այգիները լիացած են պտուղների ամենաազնիվ տեսակներով. – տեսնում է` խոտավետ արոտամարգերի վրա արածում են տավարների նախիրներ և ոչխարների հոտեր, – մի խոսքով, նա տեսնում է, որ բնությունը անխնա առատությամբ թափել է այստեղ իր հարստությունները: Նա սկսում է մտածել. «ո՜րքան բախտավոր ապրում են այստեղ մարդիկ»… Իսկ այդ ճոխությունները, բնության այդ պարգևները չեն պատկանում այն բյուրավոր աշխատող ձեռքերին, որոնք դաշտերի վրա, արևի կրակոտ բոցերի մեջ քրտինք են թափում:
Ահա գյուղերում, այստեղ և այնտեղ բարձրանում են ամրոցներ, որոնք իրանց հպարտ աշտարակներով և ատամնավոր պարիսպներով իշխում են շրջակայքի վրա, նրանց մեջ բնակվում են «աղաները» իրանց ախտերով և մոլություններով, – ահա նրանց է պատկանում երկրի բոլոր բեղմնավորությունը, նրանք են շռայլում մշակ մարդու աշխատավոր ձեռքի վաստակը:
Երեխայությանս ժամանակ, երբ ես որևիցէ անկարգություն էի անում, տատս և մայրս ամեն մեկը իր առանձին եղանակն ուներ ինձ սաստելու, որ վախենամ և հանգիստ կենամ: Տատս ասում էր. «Սու՜ս, սու՜ս, մարդագելը եկավ, քեզ կտամ կուտի»: – Մայրս ասում էր «Ձենդ կտրի՛, թե չէ, ֆերրաշին կկանչեմ»… Թե առաջին և թե վերջին սպառնալիքը իմ վրա միօրինակ ազդեցություն էին գործում. ես ֆերրաշից նույնքան էի վախենում, որքան գայլից: Բայց երբ փոքր-ինչ մեծացա, մարդագայլից այլևս չէի վախենում, որովհետև հասկանում էի, թե մարդը գայլ չի դառնա, բայց ֆերրաշի երկյուղը երբեք դուրս չեկավ իմ սրտից… Ինձ թվում է, որ այս րոպեիս էլ լսում եմ նրա մտրակի ձայնը ինձ թվում է, թե իմ ականջին զարկում են գյուղացու ցավալի հառաչանքները, և ես տեսնում եմ նրան թուլացած, ուշաթափ եղած հարկապահանջի անգութ գանահարությունից…
Читать дальше