Մեր ժամացույցը պատի ստվերն էր, որը գետնի վրա մինչև մի նշանակյալ խազ հասներ, գիտեինք թե արդեն կեսօր է: Այն ժամանակ միայն թույլտվություն էինք ստանում ճաշելու: Բայց ո՛րքան անհամբերությամբ սպասում էինք, մինչև ստվերը հասնում էր խազին…: Կարծես, արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ. նա միշտ դանդաղ և դանդաղ էր գնում, և ստվերը խիստ թույլ կերպով էր տարածվում…
Ճաշը ուտում էինք դասատան մեջ: Աշակերտները իրենց հետ էին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին էին հանում տեր հոր համար, այնպես որ, նրա մասը ավելի ճոխ էր լինում և բազմատեսակ, մինչև անգամ երեցկինն ու նրա որդիքն էլ կերակրվում էին տեր հոր սեղանից:
Ճաշից հետո, թեև մենք ունեինք մի քանի հանգստության ժամեր, բայց սաստիկ արգելված էին խաղերը: Խաղը համարվում էր մեզ համար մի տեսակ չարություն, որ ընդդեմ էր համեստության և հանդարտության կանոններին: Աշակերտը պետք է լիներ լուռ, անշարժ, ամոթխած և խոնարհ: Այդ պատճառով սաստիկ պատժվում էր աշակերտը, երբ նրան նկատում էին խաղալիս, ավելի վատթար, երբ նրա մոտ գտնում էին խաղալիքներ: Այդ մասին երբեմն դպրոցում անակնկալ խուզարկություններ էին լինում, աշակերտների գրպանները որոնում էին:
Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին: Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին: Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»:
Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն էր, ոչ ոք չէր սիրում նրան, բացի վարժապետից: Երբ պատահում էր աշակերտներից մեկին պատժել, Ալոն առաջինն էր լինում, որ խնդրում էր վարժապետից իրան թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը: Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց, – դա զվարճություն էր պատճառում անսիրտ Ալոյին, և մեր վարժապետը երբեք չէր զրկում նրան այդ ուրախությունից… Ամեն օր կգար նա դպրոց, մի նոր գիրք իր հետ բերելով, ցույց կտար վարժապետին ու կասեր. «Հա՛յրս ասաց, որ այս գրքից դաս տաք»: – «Լավ» – կպատասխաներ վարժապետը, – «դրա վրա կարդա»:
Մի անգամ ես չկարողացա համբերել, ասեցի Ալոյին.
– Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ մեծ գիրքը ո՞նց պիտի կարդաս:
– Իմ հայրն էլ մեծ մարդ է, – պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ:
– Քո հայրը մեծ մարդ է, այդ ես իմանում եմ, բայց որդին մեծ գիրք կարդալու համար պետք է դեռևս մի քանի տարի սովորե:
– Ի՞նչ պիտի սովորեմ… հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, որ դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես:
– Որպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն է, – պատասխանեցի ես ծիծաղելով:
Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված երեսիս վրա: Ես էլ պատասխանեցի նրան իմ զորեղ մուշտիով: Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրա գանգատվեց: Ձեզ եմ թողնում երևակայել այն անտանելի պատիժը, որ ես ստացա իմ հանդգնության համար, ես համարձակվել էի իմ մուշտիով պատասխանել արքունի փողերանոցի գլխավորի որդուն… այդ անկարելի բան էր: Բայց այն օրից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, որ արքունական էր և դեպի ամեն մարդ, որ հարստացել էր արքունիքի շնորհիվ…
Հարուստների որդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չէր. նրանք տոն օրերում վարժապետի համար ընծաներ էին բերում գինի, արաղ, յուղ, պանիր և դրանց նման բաներ: Նրանց հայրերը վարժապետին «խալաթ» էին տալիս, երբ որդիները մի գրքի կարդալը վերջացնում էին և սկսում էին մյուսը: Բայց ես աղքատ էի. մայրս դժվարությամբ կարողանում էր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն ես կատարում էի վարժապետիս տնային գործերը: Առավոտից մինչև երեկո հանգստություն չունեի. աղբյուրից խմելու ջուր էի բերում, կովերի համար ուտելու խոտ էի քաղում դաշտից, հորթերը բռնում էի, մինչև երեցկինը կովերը կթում էր, և եթե ուրիշ գործ չէր լինում, ճաշից հետո նստում էի վարժապետիս կողքին, ճանճեր էի քշում, որ նրա անուշ քունը տանի…
Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում. այն օրը վարժապետիս համար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ: Աշակերտներից մի քանիսը, որոնք մեծ էին հասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը, և քահանայական այլ սպասները: Նրանք գնում էին խորհրդի տեղը: Այսպիսի դեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը: Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններ կանենք, հնարել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար: Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված էր: Երևակայեցե՛ք մեր դրությունը, ամբողջ ժամերով պետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել կարող չես, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը այդ տեսնելով, հոգիդ կառնե…
Читать дальше