մի հերոս ծնեց,
կայծակ մի հսկա,
որն ելավ վայրագ ոհմակների դեմ
և թրով իր սուրբ մահի դեմ կանգնեց:
Օ՛հ, Մհե՛ր,
զինվոր
դու արդարության,
դու անհաղթ մի ուժ,
դու անմահ հավերժ:
Լույսի սիրահար,
արևի աստված,
Օ՜հ, Մհե՜ր, փրկիչ,
փա՜ռք քեզ հավիտյան:
վերջ Բ մասի
Մաս
Գ
1
Անարդարության ծաղիկները սև
մեր հույսի ցանած դաշտում աճեցին,
իսկ երկինքը,
երկինքը անզգա, անտարբեր
նայեց մեր հոսող արյան գետերին,
անզգա, անտարբեր հառեց տանջանքին
անմարդկային և անբնական,
անզգա, անտարբեր հառեց մեր ողբին
և մեր երեսին՝ ուղղված դեպի վեր:
Ո՞վ էր նա, որ իր անաստված ձեռքով,
այս ժողովրդին սև խաչը նետեց,
ո՞վ էր նա, որ իր անաստված ձեռքով
ժողովրդին այս դարձրեց նոր Քրիստոս:
2
Ողբերգական մի պատմություն,
անցավ, գնաց և մոռացվեց:
Բայց նորից երկինք ես հայացքդ ուղղում՝
գտնելու համար մի արդարություն,
և ժայռերն են շուրջդ՝ երկնքին հառած,
լուռ և մռայլ Աստծուն անիծում:
3
Եվ ու՞ր է Մհերը՝
ու՞ր է ուժը այն,
անարդարությանը չհամակերպվող:
Տանջվելով անվերջ աշխարհի չարից,
ողջ ցավը մարդկանց իր մեջ ներառած
նա դարձավ զոհը ներքին պայքարի,
և Ագռավաքար ինքն իրեն մտցրեց:
4
Եվ Ո՞վ կլինի այն մեկը, որ փրկի
աշխարհը այս նրա կուտակված մեղքից,
ո՞վ կլինի այն մեկը, որ վերցնի
իր վրա ամբողջ այս ցավը աշխարհի,
ո՞վ՝ որ ձեռքից բռնած՝ ողջ մարդկությանը
իր ետևից կարողանա տանել
ու խաչվելուց կարողանա ներել
անգամ իրեն անգութ տանջողներին,
ո՞վ՝ որ Աստծո անունը շուրթերին
դեպի երկինք կարողանա ելնել
և խաչն իր մինչ վերջին րոպեն տանել:
5
Բայց երկնքի արգանդն
արնաքամ եղած՝
էլ երբեք, երբեք
հերոս չծնեց:
6
Իսկ այնժամ…
Այնժամ մեր արյան վրա
մի դաշինք կնքվեց.
այն էլ ի՜նչ դաշինք՝
□Մեծ եղբայրության□:
Օ՜հ, Աստվա՜ծ,
Աստվա՜ծ,
թե Մհեր լինեի,
թե ուժս պատեր,
թե խոսքեր լինեին,
թե լիներ մի ճար…
Անձրև էր գալիս…
և կայծակն արնոտ հետքեր էր թողնում
ամպոտ երկնքի այլայլված դեմքին:
Անձրև էր գալիս…
գալիս էր դանդաղ…
և օրը հաջորդ
արևը ելավ ժպիտի նման՝
ամբողջ աշխարհի անտարբերության
մարմնավորացում:
Այդքանից հետո
չպիտի՛ ելներ:
վերջ Գ մասի
Մաս
Դ
1
Ա՜խ, ուղեղն ինչպես դիմանա ցավին,
ա՜խ, տանջանք անվերջ, հիշողության ճիչ:
Արևներ ելան, բայց շողերը նրանց
լույս չտվեցին մեր հյուծված հոգուն:
Մթին էր մնում մի ամբողջ երկիր,
արևի երկրում մի շող լույս չկար:
2
Եվ երբ այրված ոսկորների նման
թափված՝ անապատով անծայր,
հույսերը դառան,
և լռության մեջ, ուժասպառ եղած
հոգին տապալվեց,
և կյանքի հաճույքը իր չոր դառնությամբ
քեզ նայեց մռայլ,
և մարդիկ բոլոր քեզանից թարսված՝
թշնամի դառան,
և սեր, և ընկեր դավաճանության
պսակներ ստացան:
Երբ զգում ես, որ դու աշխարհում այս մեծ
մենա՜կ ես, մենա՜կ…
և մեկը չկա, ում վրա հույս դնես:
Այդժամ աննկատ մոտենում է մի ստվեր՝
ճշմարտությունը իրական կյանքի,
աչքերիդ մեջ է մոտիկից նայում,
դառը հաճույքով իր մարմինը հրեշ
տարբեր կողմերից քեզ է ցուցադրում,
և ցանկանում է այդ գարշ մսերով
գրավել,գայթակղել և իր մեջ քաշել:
Զզվանքից մի դող է անցնում մարմնով,
փորձում ես փախչել, ետ քաշվել նրանից,
բայց նա լայնանում, օղակ է դառնում
և քեզ իր անմաշկ մարմնով դիպչում:
Օ՜հ , գարշա՜նք, գարշա՜նք,
Օհ, թշվառ հոգի,
ճեղքվածքում կյանքի մնացիր ճզմված,
ով աչքեր ունի, նա տեսնում է միշտ,
ով զգացում ունի,
նրանն է աշխարհի
վիշտն ու ցավն ամբողջ:
Օ՜հ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ,
անսահման այս վիշտն
անցնում է բռնի մեր կյանքի միջով:
Անհույս ժամերին ինչքա՜ն էիր դու
նախանձում նրանց՝ ով զգացում չունի,
և առավե՛լ նրանց, ով փուչ է միջից,
անհոգի, անդարդ, ուրախ և դատարկ:
3
Քո բնավորությունը, որ նետում է քեզ
զբաղմունքից զբաղմունք,
մարդուց դեպի մարդ
և երկրից երկիր՝
անբավարարություն,
անդադար փնտրում
և հավերժ, հավերժ
հիասթափություն:
4
Մի բան չունեցած՝ կորցնում ես միայն,
տալիս ես, վատնում, ցաքուցրիվ անում:
Ետ չնայելով, քայլում ես առաջ,
կարծես թե վերջիդ քայլերն ես անում:
Զզվում ես ստից, կեղծիքից, դիրքից,
զզվում ես, զզվում, թքում, հեռանում,
կյանքը լի քո մեջ, ցամաք ես թվում,
բախտն էլ ի՞նչ է որ՝
փախչում է քեզնից:
Ա՜խ, բախտն ի՞նչ է որ.
մի ստոր ծաղրածու,
մի սև խաղաթուղթ,
մի էժան պոռնիկ:
Սիրում է նա սուտ,
սիրում է կեղծ փայլ,
սիրում է ամեն անարդարություն:
5
Բորբոքված ստից զգացումները քո,
բուն իմաստությունն են ակամա բացում
անվայել մտքով մերկացնում են նրան,
որն իրեն կյանքի գաղտնիք է կոչում,
Читать дальше
Конец ознакомительного отрывка
Купить книгу